«Վերին Լարսին այլընտրանք լինելու է», - ասել է վարչապետը

24.02.2017 | 18:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած երկօրյա այցը գնահատել է «առարկայական, կառուցողական, ջերմ եւ բովանդակալից»:

«Մեր պատվիրակությունը չափազանց գոհ է այցի արդյունքներից եւ այն վերաբերմունքից, որին արժանացել է: Քննարկել ենք այն բոլոր ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ:

Ավելին, պայմանավորվել ենք նոր՝ տարածաշրջանային բնույթի որակ հաղորդել մեր տնտեսական համագործակցությանը, որպեսզի արտաքին աշխարհի առջեւ հաճախակի հանդես գանք համատեղ մեծ շուկայով, դա կլինի զբոսաշրջության ոլորտը, մեր նոր ազատ տնտեսական գոտին, որը ստեղծում ենք հարեւան Իրանի հետ եւ այլ ոլորտներ: Խոսել ենք բիզնեսի էքսպանսիայի մասին, պայմանավորվել ենք, որ զբոսաշրջության ոլորտում վրացական փորձը մենք օգտագործենք, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր փորձը փոխանցենք վրացական կողմին: Այս կառուցողական այցն ինձ ոգեւորում է եւ պարտավորեցնում»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ վրացի գործընկերներին առաջարկվել է Հայաստանի հարթակն օգտագործել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վրաց գործարարների համար նշանակել «բաց օր», որի ընթացքում Հայաստանում նրանց հետ քննարկվելու են տարբեր ծրագրեր:

Անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին հարցին՝ վարչապետը նշել է. «Հարցը քննարկել ենք: Համոզված եղեք, որ լինելու է»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ տնտեսական հարաբերություններից բացի, անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը:

«Մենք ունենք գալիք սերունդների միջեւ կապերի հաստատման խնդիր եւ պայմանավորվել ենք տարբեր հարթակներ օգտագործել, որպեսզի երիտասարդները շփվեն միմյանց հետ: Խոսել ենք նաեւ վիրահայերի, այդ թվում՝ ջավախահայերի խնդիրների, կրթության ոլորտի, դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման մասին եւ չի եղել որեւէ հարց, որտեղ ունենայինք միմյանց չհասկանալու միտում կամ հիմք»,- ասել է Կարեն Կարապետյանը:   

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ տեղեկացրել է, որ Վրաստանի կառավարությունը կհատկացնի 3,5 մլն լարի՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հիմնանորոգելու նպատակով: 

Դիտում՝ 16992
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW