Fitch-ը վարկանշել է Երեւանը

05.12.2016 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings միջազգային գործակալությունն առաջին անգամ վարկանշել է Երեւանը՝ վերջինիս շնորհելով արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ B+ վարկանիշ` կայուն կանխատեսմամբ:

Միաժամանակ, Երեւանին շնորհվել է արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ B վարկանիշ:

Ըստ գործակալության՝ վարկանիշն արտացոլում է Հայաստանի մարզերի ինստիտուցիոնալ թույլ հիմքերը, որի մասին վկայում են նաեւ երկրի սուվերեն վարկանիշի սահմանափակումները (B+, կայուն): Բացի այդ, վարկանիշը հաշվի է առնում Երեւանի մայրաքաղաքի կարգավիճակը, բյուջեի գոհացուցիչ կատարումը` շնորհիվ պետբյուջեից մշտական հատկացումների եւ պարտքեր չունենալու հանգամանքի:

Fitch-ն ակնկալում է, որ Երեւանը կշարունակի վարել գոհացուցիչ ֆիսկալ քաղաքականություն: Գործակալության կանխատեսմամբ՝ տարեվերջին քաղաքի ընթացիկ բյուջեն կկազմի 78 մլրդ դրամ, որը 2015թ. ցուցանիշը գերազանցում է 3%-ով:

2011-2015 թթ. տվյալներով՝ Երեւանի ընթացիկ բյուջեի շուրջ 74%-ը ձեւավորվում է պետական հատկացումներից: Սպասվում է, որ միջնաժամկետ հեռանկարում այն կկայունանա 75%-ին մոտ, իսկ տեղական հարկերը կկազմեն բյուջեի մոտ 15%-ը:

Գործակալությունը 2016-2017 թթ. կանխատեսում է կապիտալ ծախսերի կրճատում`  կազմելով 7-8 մլրդ դրամ` 2015թ. 9 մլրդ դրամի փոխարեն: Միաժամանակ, ակնկալվում է, որ դրանք 2018թ. կաճեն` հասնելով 10 մլրդ դրամի:

Երեւանի կապիտալ ծախսերը, ըստ Fitch-ի, կշարունակեն ֆինանսավորվել ակտիվների վաճառքի եւ պետբյուջեից ստացվող կապիտալ հատկացումների հաշվին:

Գործակալությունը Երեւանի հիմնական մարտահրավերն է համարում անորոշությունը միջնաժամկետ եւ երկարաժամկետ քաղաքականության մեջ, որը որոշվում է պետական մակարդակով:

«Երեւանը շահում է մայրաքաղաքի իր կարգավիճակից: Այն երկրի ֆինանսատնտեսական կենտրոնն է եւ առաջադեմ ծառայությունների ամենամեծ շուկան: Բացի այդ, Երեւանը ՀՀ մեգապոլիսն է. այստեղ ապրում է երկրի ընդհանուր բնակչության 36%-ը: Այդուհանդերձ, բնակչության եկամուտների մակարդակը միջազգային չափորոշիչներով ցածր է, իսկ գործազրկության մակարդակը` բարձր միջինում`17,6%»,- կարծում են Fitch-ի վերլուծաբանները:

Հիշեցնենք, որ Fitch Ratings-ի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ աշնանը ստորագրվել էր համաձայնագիր, ըստ որի` գործակալությունը քաղաքին պետք է հանրային ֆինանսական բնագավառում միջազգային վարկանիշ շնորհի:

Դիտում՝ 15837
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW