Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) կողմից իրականացվող «Կարգավորիչ գիլյոտին» ծրագիրը մեկնարկել է 2011 թ-ի նոյեմբերին: Այն զբաղվում է ձեռնարկատիրական գործունեության եւ մարդկանց առօրյա կյանքի վրա ազդեցություն ունեցող ազգային օրենսդրական դաշտի եւ կարգավորիչ նորմերի ուսումնասիրմամբ եւ հստակեցմամբ: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնած եւ գրասենյակի կողմից աջակցվող ծրագրի նպատակը իրավական ակտերի արագ պարզեցման մեխանիզմով Հայաստանում արդյունավետ տնտեսական կառավարման խթանումն է: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ կառավարության հետ մեկտեղ ծրագրին աջակցում են Ավստրիական զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր հանդիսացող Ավստրիական զարգացման գործակալությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը:«Գիլյոտին» ծրագրի մասին Banks.am-ը զրուցել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ:-Պրն. Սորոկին, ինչպե՞ս կգնահատեք ձեռքբերումները Հայաստանում կարգավորիչ բարեփոխումների ոլորտում:- Օրենսդրությունն ինքնին ժամանակի հետ աճելու միտում ունի: Հայաստանը՝ այլ երկրների պես, իրավական համակարգի պարբերական վերանայման եւ «մաքրման» կարիք ունի: Ժամանակի ընթացքում փոփոխվում են նաեւ մարտահրավերները: Կարգավորումները, որոնք օգտակար էին 10 տարի առաջ, այժմ ավելորդ են. դրանք քաղաքացիների եւ բիզնեսի համար կարող են բյուրոկրատական խոչընդոտներ ստեղծել: Այս համատեքստում ԵԱՀԿ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ երկրի կարգավորիչ դաշտը վերանայելու եւ բարեփոխելու համար: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կհանգեցնի շոշափելի փոփոխությունների՝ գործարար միջավայրը տնտեսական զարգացման համար դարձնելով առավել բաց եւ բարենպաստ:Ինչպես է դա աշխատում գործնականում. ՀՀ կառավարության կողմից ստեղծված Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն ուսումնասիրում է կարգավորիչ դաշտի կոնկրետ ոլորտներ, վերանայում բիզնես գործընթացները, համեմատում ներկա ընթացակարգերը միջազգային լավագույն փորձի հետ եւ կառավարությանն է ներկայացնում բարեփոխումների առաջարկություններ: Հավատացած եմ, որ Հայաստանը հավատարիմ է բարեփոխումներ իրականացնելու այս ծրագրի հանձնառությանը: Մինչ օրս ես տպավորված եմ կառավարության ներգրավվածությամբ, հիացած եմ ծրագրում ներառված տեղական եւ միջազգային փորձագետների մասնագիտական մակարդակով եւ շնորհակալ եմ միջազգային հանրությանն աջակցության համար. այս պատճառով կարծում եմ, որ մենք պետք է դրական փոփոխություններ ակնկալենք:- Արդեն կան որոշ ոլորտներ, որոնք ուսումնասիրվել են: Ե՞րբ արդյունքները տեսանելի կլինեն հանրության համար: - Ցանկացած բարեփոխում ժամանակ է պահանջում, սա եւս բացառություն չէ: Գործընթացը ժամանակատար է: ՀՀ նախագահի հրամանագրով ընտրված է 17 ոլորտ, որոնք ենթակա են վերանայման: Ներկայումս ամբողջովին վերանայվել է հանրային ծառայությունների ոլորտը: Այն ներառում է գազի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման եւ հեռահաղորդակցության ոլորտների կարգավորումները: ՕԿԱԿ-ի փորձագետների կողմից արված բոլոր առաջարկություններն արդեն ընդունվել են եւ ուժի մեջ են: Տրանսպորտի եւ առողջապահության ոլորտները եւս վերանայվել են, այժմ օրենսդրական առաջարկները Ազգային Ժողովում են՝ ամբողջությամբ ընդունման համար: Ուսումնասիրվում են 6 այլ ոլորտներ՝ հարկային, մաքսային, մշակույթ, սոցիալական հարցեր, ձեռնարկատիրություն, ինչպես նաեւ արտաքին կապեր եւ միջազգային հարաբերություններ: Երբ կավարտվի ոլորտների ուսումնասիրումը, եւ առաջարկներն ուժի մեջ կմտնեն, մենք կկարողանանք խոսել հանրության վրա փաստացի ազդեցության մասին:Այսօր, օրինակ, որեւէ լիցենզիայի համար պետական տուրքը կարող է վճարվել լիցենզիայի տրամադրման որոշումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նախկինում պետական տուրքը պահանջվում էր վճարել մինչ լիցենզիա ստանալը: Հեռահաղորդակցության ցանցերի ստեղծման եւ շահագործման համար լիցենզիայի տրամադրման եւ մերժման ժամանակահատվածը կրճատվել է 6 ամսից մինչեւ 23 աշխատանքային օր: Մեկ այլ գործնական օրինակ է ծնելիությունը խթանելու նպատակով Հայաստանում երեխաների ծննդյան նպաստների տրամադրումը: Նպաստի չափը կախված է ընտանիքում երեխաների քանակից: Սակայն երեխաների թվաքանակի սահմանման հետ կապված որոշ սահմանափակումներ կան. երեխաները պետք է բնակվեն նույն տեղում, լինեն միեւնույն խնամակալի հոգածության տակ, եւ այլն: Կենտրոնն առաջարկել է այս սահմանափակումները վերացնել եւ հաշվարկել երեխաների քանակը՝ հիմք ընդունելով մոր կողմից փաստացի ծննդաբերած երեխաների քանակը: Եվս մեկ օրինակ է տաքսի ծառայության ոլորտի կարգավորումը, որը մեծապես պարզեցվել է: Ըստ ՕԿԱԿ-ի առաջարկի, տաքսի ծառայություն մատուցելու լիցենզիա տրամադրելու գործընթացը կրճատվել է՝ 30 օրից դարձնելով 7 աշխատանքային օր: Տաքսիների ամենօրյա տեխնիկական զննման եւ վարորդների բժշկական ստուգման պահանջները վերացվել են: Նախկինում միայն իրավաբանական անձինք կարող էին տաքսի ծառայություն իրականացնել, իսկ այժմ, ըստ նոր առաջարկի, անհատները եւս կարող են մատուցել այդ ծառայությունը:- Որպես կազմակերպություն, որը համակարգում է դոնորների աջակցությունը ծրագրին, ինչպե՞ս կգնահատեք ծրագրի արդյունավետությունը եւ ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում բարեփոխումների իրականացման ընթացքում:- Շատ կարեւոր է ծրագրի արդյունավետության գնահատման գործիքներ ունենալը, եւ մենք դրանք ունենք: Դա ծախսերի գնահատումն է, որն իրականցվում է բոլոր ոլորտներում: Կարգավորիչ գիլյոտինի հեղինակը պրն. Սքոթ Յակոբսն է, ով Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում եւ Ամերիկայում աշխատել է շուրջ 75 զարգացող եւ զարգացված երկրների հետ՝ նախագծելով եւ իրականացնելով կարգավորիչ բարեփոխումների ծրագրեր: Հիմնական նպատակն է հասնել էժան եւ ցածր ռիսկայնությամբ կարգավորիչ ռեժիմի, որը կաջակցի մասնավոր հատվածի զարգացմանը եւ արդյունավետ կառավարմանը: Հայաստանի «Կարգավորիչ գիլյոտին» ծրագիրն իր առջեւ ուսումնասիրվող ոլորտներում գործառնական ծախսերը 50%-ով կրճատելու խնդիր է դրել, որն այլ երկրներում իրականացված նմանատիպ ծրագրերի համեմատ բավականին բարձր թիրախ է: Մինչ օրս արված առաջարկություններն ունեցել են ավելի բարձր արդյունք՝ ավելի քան 60% ծախսերի կրճատում: Մենք բավարարված ենք այս արդյունքներով:Միեւնույն ժամանակ, դեռեւս բարելավման կարիք կա: Մենք կցանկանայինք առավել ընդգրկուն տեսնել ամբողջ վերանայման գործընթացը, որտեղ մասնավոր բիզնեսը ներառված կլիներ, եւ նրանց խորհուրդներն ու ներդրումը հաշվի կառնվեին: Սա չափազանց կարեւոր է, քանի որ փոփոխություններն ուղղակի ազդեցություն են ունենալու գործարար միջավայրի վրա, եւ վերջին հաշվով այս բարեփոխումների առաջնային շահառուները հենց բիզնեսներն են լինելու: Որքան ես տեղյակ եմ, ձեռնարկատիրական համայնքի հետ խորհրդակցելու խնդիրը բարձրացվել եւ ուսումնասիրվում է կենտրոնի կողմից, որը նախատեսում է ներկայացնել նոր գործիքներ մասնավոր բիզնեսից հետադարձ կապի եւ առաջարկությունների ստացման համար:- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որտեղ այս ծրագիրն իրականցվում է, հնարավո՞ր է արդյոք այն համեմատել այլ երկրներում իրականացված կարգավորիչ գիլյոտինների հետ, եւ եթե այո, ապա ի՞նչ տեղ է Հայաստանը զբաղեցնում այս համատեքստում:- Դժվար է համեմատականներ անցկացնել, քանի որ ցանկացած երկիր ունի իր առանձնահատկությունները: Կարգավորիչ գիլյոտին ծրագիրն իրականցվել է տարբեր երկրներում, եւ դրանցից յուրաքանչյուրն ունի իր փորձը: Հայաստանում մի կարեւոր հատկանշական առանձնահատկություն կա, որ կուզենայի նշել՝ ՕԿԱԿ-ի իրավասությունների լայն շրջանակը. Կենտրոնը ոչ միայն ուսումնասիրում է իրավական համակարգը եւ մատնանշում խնդիրները, այլեւ մշակում է իրավական ակտի նախագծեր եւ դրանք ներկայացնում կառավարությանը եւ ԱԺ-ին: Հուսադրող է տեսնել, որ կենտրոնի կողմից արված առաջարկությունների մեծամասնությունը (մոտ 90%) ընդունվում է կառավարության եւ ԱԺ-ի կողմից:Կարեւոր է նաեւ ընդգծել գիլյոտինի գործընթացին միջազգային հանրության կողմից ցուցաբերվող աջակցությունը: Համատեղ ջանքերը կարեւոր գործոն են հանդիսանում այսպիսի արժեքավոր եւ երկարաժամկետ նախաձեռնության համար:- Որո՞նք են լինելու ձեր գործունեության ուղղություններն ապագայում: - Կարգավորիչ գիլյոտինի շարունակականությունը կարեւոր է բոլորիս՝ ՀՀ կառավարության եւ դոնոր համայնքի համար: Ահա թե ինչու 2015 թ-ին՝ «Կարգավորիչ գիլյոտինի» ավարտից հետո, երբ բոլոր 17 գերակա ոլորտները կվերանայվեն, եւ օրենսդրությունն ու կանոնակարգերը կպարզեցվեն, կմեկնարկի Կարգավորման ազդեցության գնահատումը (ԿԱԳ): Արդյունքում՝ Օրենսդրության կարգավորման կենտրոնը կվերափոխվի Կարգավորման ազդեցության գնահատման կենտրոնական գրասենյակի՝ իրականացնելու բոլոր կարգավորիչ օրենսդրական նորմերի ԿԱԳ-ը մինչեւ նրանց ընդունումը: Գրասենյակը կծառայի որպես «ֆիլտր»՝ կանխելու օրենսդրական բազան այնպիսի իրավական ակտերով «աղտոտվելուց», որոնք կարող են քայքայել բարեփոխումների ձեռքբերումները: ԿԱԳ կենտրոնական բաժինը նախարարություններին եւ պետական մարմիններին կտրամադրի մեթոդոլոգիական աջակցություն եւ պատասխանատու կլինի նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից մշակված ԿԱԳ փաստաթղթերի որակի եւ բովանդակության համար: Անդրեյ Սորոկինի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը: Tweet Դիտում՝ 20478