«Հատիս» նորարարական առանձնատունը՝ զրոյական էներգասպառմամբ

30.10.2017 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Հատիս» #Սոլար Սիթի
«Ար եւ Ար Դիզայն Քնսթրաքշն» ընկերության «Սոլար Սիթի» նախագծի զարգացման գծով տնօրեն Գարիկ Չիլինգարյանը Banks.am-ին պատմել է Հայաստանում առաջին զրոյական էներգասպառմամբ բնակելի թաղամասի ծրագրի մասին, որը մեկնարկել է վերջերս:

«Երկար տարիներ շինարարական ոլորտում աշխատելուց հետո եկավ մի պահ, որ հասկացանք՝ մենք կարիք ունենք այնպիսի միջավայրի կառուցման, որը հնարավորինս հաշվի կառնի ընտանիքի ամենօրյա կարիքների բավարարումը: Ըստ մեր հաշվարկների՝ միջին հայ ընտանիքը ձմեռվա ամիսներին իր եկամտի մոտ 30 տոկոսը ծախսում է կոմունալ վճարների վրա, եւ մեր առջեւ խնդիր դրեցինք հնարավորինս կրճատել էներգակիրների հետ կապված ծախսերը։ Արդյունքում՝ կարողացանք ոչ միայն լուծել այդ խնդիրը, այլեւ գերազանցել այն՝ էներգասպառման դիմաց վճարվող գումարը հասցնելով զրոյի»,- ասում է Գարիկ Չիլինգարյանը։

«Սոլար Սիթի» ծրագրի առաջին պրոդուկտը «Հատիս» առանձնատունն է, որը կառուցվում է Բագրեւանդ փողոցին հարող թաղամասում: «Իր բնակիչների մասին հոգացող» առանձնատունը նախագծվել է գերմանական «Պասիվ Հաուս» չափանիշների հիման վրա, ըստ որի՝ հատուկ զրոյից նախագիծ է մշակվում՝ որպես հիմնախնդիր ունենալով էներգածախսի առավելագույն նվազեցումը։ Այստեղ կարեւոր է ճիշտ շինարարական տեխնոլոգիաների կիրառումը, օրինակ` եռաշերտ պատուհաններ, ջերմամեկուսիչ արտաքին պատեր, առաստաղային հովացում եւ ջեռուցում, պատուհանների եւ միջնապատերի ճիշտ դասավորվածություն եւ այլ նորարար ճարտարապետական լուծումներ: Երբ այս աշխատանքների շնորհիվ էներգասպառումը նվազեցվում է մինչեւ 80 տոկոսով, մնացյալ էներգետիկ ծախսերը հոգում են տանիքին տեղակայված արեւային պանելները:


«Հայաստանը շատ շահավետ աշխարհագրական դիրք ունի, որը թույլ է տալիս առավելագույն կերպով օգտագործել արեւային էներգիայի ներուժը: Գործում են նաեւ համապատասխան օրենքներ, որոնք թույլ են տալիս տան տերերին միանալ էլեկտրացանցին եւ խելամիտ օգտագործել արեւային էներգիայի ավելցուկը: «Հատիս» տան դեպքում օգտագործվում են արեւային պանելներ, որոնց միջոցով տարեկան ստացվում է 7,200 կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նշանակում է, որ տանտերերը ոչ միայն էներգետիկ ծախսեր չեն ունենում, այլեւ ավելցուկի դեպքում կարող են այն վաճառել էլեկտրացանցին՝ ստանալով շահույթ»,- ասում է Գարիկ Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքաշինական ոլորտի փոփոխությունները եւ նորարարական լուծումները սկսում են ավելի արագ զարգանալ, եւ հիմա ճիշտ ժամանակն է՝ ակտիվ գործողությունների անցնելու եւ մաքսիմալ օգտագործելու Հայաստանի վերականգնվող էներգիայի ներուժը:

«Դրսում եւս բավական մեծ հետաքրքրություն կա այս ծրագրի նկատմամբ, քանի որ վերականգնվող էներգիայի միտումը առկա է ողջ աշխարհում: Զարգացած երկրները փորձում են հնարավորինս լայնածավալ ծրագրեր մշակել այս ոլորտում»,- ասում է Գարիկ Չիլինգարյանը:

Առաջին «Հատիս» առանձնատունը կլինի երկհարկանի եւ կունենա ընդարձակ ճաշասենյակ, խոհանոց, 4 ննջասենյակ, 2 մեքենայի ավտոտնակ, ինչպես նաեւ 500 մ հողատարածք: Այն պատրաստ կլինի 2018-ի սկզբին: Ապագա գնորդների ցանկությունները հաշվի առնելու համար մշակվել է հարցաշար, որին ցանկության դեպքում, կարող են պատասխանել նաեւ մեր ընթերցողները:

Թագուհի Հովհաննիսյան
Դիտում՝ 29145
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW