«Գրանթ Թորնթոն Հայաստան». Ոլորտի խնդիրներն ու հնարավոր լուծումները

13.04.2017 | 08:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Գրանթ Թորնթոն Հայաստան» #աուդիտ

«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» մեծ ընտանիքը` ի դեմս «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի, արդեն երկու տասնամյակ իր աուդիտորական եւ խորհրդատվական առաքելությունն է իրականացնում հայաստանյան շուկայում: Banks.am-ը նախաձեռնել է հրապարակումների շարք, որում ներկայացնում է ընկերության հիմնադրման պատմությունը, ընթացիկ գործունեությունն ու հեռանկարային ծրագրերը:

Ի՞նչ առաջընթաց է գրանցվել Հայաստանի աուդիտորական դաշտում վերջին 20 տարիներին, ի՞նչ խնդիրներ են առկա այսօր ոլորտում եւ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ: Թեմայի շուրջ Banks.am-ին իրենց տեսակետն են ներկայացրել «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության խորհրդի նախագահ, Ֆինանսական կազմակերպությունների աուդիտի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը եւ Աուդիտորական ծառայությունների ղեկավար Էմիլ Վասիլյանը:

Ոլորտը բարեփոխումների կարիք ունի

«Երկրի տնտեսական եւ հասարակական զարգացումն իր հետ բերել է կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ պահանջների փոփոխության: Այս առնչությամբ՝ ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել տնտեսության հետագա զարգացումն ապահովելու համար»,- նշում է «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության Ֆինանսական կազմակերպությունների աուդիտի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:


Աուդիտի դաշտում նա առանձնացնում է 4 հիմնական խնդիր.

Առաջինը կազմակերպությունների ֆինանսական թափանցիկության բարձրացումն է: Այս առումով անհրաժեշտություն կա ճիշտ դասակարգելու եւ ընտրելու այն կազմակերպություններին, որոնք պարտավոր են հրապարակել հաշվետվություններ, այդ թվում՝ աուդիտ անցնելուց հետո:

Երկրորդ կարեւոր խնդիրը միկրո կազմակերպությունների սահմանումն է եւ նրանց համար ֆինանսական հաշվետվողականության գործընթացի հնարավորինս պարզեցումը:

Երրորդ՝ անհրաժեշտ է կանոնակարգել աուդիտորական գործունեության դաշտը, բարձրացնել վերահսկողության արդյունավետությունը:

Չորրորդ խնդիրը հաշվապահական եւ աուդիտորական միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանությունն ու ընդունումն է լիազոր մարմնի կողմից:

Արմեն Հովհաննիսյանը` «Գրանթ Թորնթոն» ցանցի անդամ ընկերությունների ԱՊՀ տարածաշրջանային կոնֆերանսին

Արմեն Հովհաննիսյանը նշում է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման եւ արտաքին աուդիտի ոլորտները կարգավորող իրավական նոր ակտեր է մշակել, որոնք էլ լուծում կտան վերոնշյալ խնդիրներին:

«Այս բարեփոխումները դաշտի կայացման համար անհրաժեշտ կարեւորագույն քայլերն են, այնուհետեւ կսկսվի դրանց կյանքի կոչման գործընթացը, եւ եթե անգամ խնդիրներ առաջանան, դրանք կլինեն հիմնականում մեխանիկական եւ շտկվող»,- ընդգծում է ընկերության ներկայացուցիչը:

Ֆինանսական շուկան՝ աուդիտի զարգացման կարեւոր գործոն

«Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության Աուդիտորական ծառայությունների ղեկավար Էմիլ Վասիլյանն էլ դաշտի ակտիվացման տեսանկյունից կարեւորել է զարգացած ֆինանսական եւ ներդրումային շուկաների գործոնը:

«Աուդիտ հասկացության նկատմամբ վերաբերմունքը թեեւ մեծ փոփոխություն է կրել դաշտի ձեւավորման այս երկու տասնամյակների ընթացքում, այնուամենայնիվ, չենք կարող միանշանակ ասել, որ աուդիտի նկատմամբ պահանջարկը լիովին գիտակցված է: Աուդիտի նկատմամբ գիտակցված պահանջարկ ձեւավորելու մեջ մեծ դեր ունի ֆինանսական եւ ներդրումային շուկան: Տնտեսվարողներն ինքնակամ շահագրգռվածություն ունեն աուդիտորական ծառայության դիմելու, երբ հայտնվում են ֆինանսական միջոցների, ներդրումների ներգրավման գործընթացում: Գիտակցված պահանջարկ այսօր հիմնականում ներկայացնում են արտասահմանյան ներդրողներն ու ֆինանսական կազմակերպությունները»,- նշում է նա:

Էմիլ Վասիլյանը պարզաբանում է՝ աուդիտն անհրաժեշտ է ճիշտ ներդրումային որոշում կայացնելու համար: Ցանկացած կազմակերպության արժեթուղթ գնելուց առաջ ներդրողը նախ ուսումնասիրում է ընկերության ֆինանսական վիճակը՝ հիմնվելով աուդիտորական եզրակացության վրա:

Աուդիտի որակի մասին

Ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ աուդիտորական կազմակերպությունների մատուցած ծառայությունների որակն անհրաժեշտ է վերահսկել՝ խուսափելու շուկայում ոչ արժանահավատ աուդիտորական եզրակացությունների առկայությունից:

«Ժամանակին հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայով նախաձեռնեցինք որակի վերահսկողության կամավոր մեխանիզմ: Հրավիրեցինք միջազգային անկախ մասնագետների, որոնք կոնկրետ ընկերության ցանկությամբ, գաղտնիության սկզբունքով, ստուգում էին նրա գործունեությունն ու ասում՝ համապատասխանում է արդյոք նրա ծառայությունների որակը ընդունված միջազգային չափանիշներին: Ընդ որում, հրապարակման ենթակա էին միայն այն կազմակերպությունների անունները, որոնք դրական արդյունք էին արձանագրել: Դիմեց 11 կազմակերպություն, 7-ը դրական պատասխան ստացան, այս թվում՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը: Սակայն ձեռնարկված մեխանիզմը շարունակություն չունեցավ. դրան մասնակցած ընկերությունները դժգոհեցին՝ ինչո՞ւ պետք է 30 աուդիտորական ընկերություններից վճարեն միայն մի քանիսը»,- պատմում է Արմեն Հովհաննիսյանը:

Հայաստանում առաջիկայում նախատեսվում է հիմնել աուդիտորական պալատ, որն էլ հենց կզբաղվի կազմակերպությունների որակի վերահսկողությամբ: Այդուհանդերձ, պալատն ընկերությունների վարկանիշ չի կազմի. աուդիտորական ընկերությունները կա՛մ կբավարարեն սահմանված պահանջներին, կա՛մ ոչ:

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է նաեւ հետեւել, որպեսզի աուդիտ անցնող ընկերության շրջանառությունն ու աուդիտորական կազմակերպության մեծությունը (աշխատակազմ, իրացման ծավալներ) լինեն համապատասխան: Այսինքն` եթե աուդիտի համար դիմել է խոշոր կազմակերպություն, տրամաբանական է, որպեսզի այնտեղ աուդիտի գործընթացն իրականացնի նման ընկերության սպասարկման ռեսուրս եւ ծավալներ ունեցող աուդիտորական ընկերությունը: Դա նաեւ վերջինին թույլ կտա պահպանել անկախությունը, հետեւաբար նաեւ՝ աուդիտի որակը:

Մրցակցություն՝ առողջ եւ ոչ այնքան

Էմիլ Վասիլյանը նշում է, որ աուդիտորական շուկայում մրցակցությունը տարիների ընթացքում գնալով սրվել է: Այդուհանդերձ, «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը շարունակում է զբաղեցնել շուկայի առաջատարի դիրքը:

Նրա խոսքով՝ ոլորտում առկա է առողջ մրցակցություն, հատկապես՝ Մեծ քառյակի ընկերությունների հետ, կան նաեւ որոշակի չարաշահումներ՝ կապված անտրամաբանական ցածր գներով ծառայությունների մատուցման հետ:

Էմիլ Վասիլյանը` «Գրանթ Թորնթոն» ցանցի անդամ ընկերությունների ԱՊՀ տարածաշրջանային կոնֆերանսին

«Գոյություն ունի աուդիտորական ծառայության գնի մի տրամաբանական սահման, որից ցածր հնարավոր չէ մատուցել որակյալ ծառայություն: Զարմանալի է, երբ որոշ ընկերություններ շուկայականից զգալիորեն ցածր գին են առաջարկում: Աուդիտ անցկացնելու համար աուդիտորները պետք է այցելեն տվյալ ընկերություն, այնտեղ ծախսեն որոշակի ժամանակ, իսկ որոշ ընկերությունների առաջարկած գներով` նրանց բյուջեն կսպառվի մինչեւ ընկերության փաստացի գտնվելու վայրը հասնելը»,- նշում է Էմիլ Վասիլյանը:

Աուդիտորական ծառայությունների ղեկավարը լիահույս է, որ աուդիտորական պալատի ստեղծմամբ ոլորտում էականորեն կբարելավվի որակի վերահսկողությունը:

Հաճախորդները հավատարիմ են ընկերությանը

«Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության հաճախորդները հավատարիմ են ընկերությանը: Այդ մասին վկայում է այն հանգամանքը, որ նույն ընկերությունները տարիներ շարունակ աուդիտ են անցնում այստեղ:

Էմիլ Վասիլյանը նշում է, որ հաճախորդների մոտ 70-80%-ը «վերադառնում» է ընկերություն: Տարեցտարի ընկերության ծառայություններից օգտվում են նաեւ նոր հաճախորդներ:

«Մենք գնահատում ենք հաճախորդների՝ մեր ծառայություններից օգտվելու որոշումը: Ուրախ ենք, որ շատերի հետ համագործակցում ենք տարիներ շարունակ: Սակայն հասկանում ենք նաեւ, որ ելնելով ինչ-ինչ պատճառներից, օրինակ՝ աուդիտորի պարտադիր ռոտացիայի պահանջից, շուկայի մրցակցությունից, գնային տարբեր առաջարկներից, մենք չենք կարող մշտապես աշխատել նույն կազմակերպությունների հետ: Փոխարենը հնարավորություն ունենք տարեցտարի ընդլայնել մեր գործունեությունը եւ համագործակցել նաեւ նոր հաճախորդների հետ»,- ամփոփում է նա:

Մաս 1-ին՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան». առաջին դժվարություններն ու հաղթանակները

Շարունակելի

Պատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը

Դիտում՝ 8693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW