«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» մեծ ընտանիքը` ի դեմս «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի, արդեն երկու տասնամյակ իր աուդիտորական եւ խորհրդատվական առաքելությունն է իրականացնում հայաստանյան շուկայում: Banks.am-ը նախաձեռնել է հրապարակումների շարք, որում ներկայացնում է ընկերության հիմնադրման պատմությունը, ընթացիկ գործունեությունն ու հեռանկարային ծրագրերը: Սկսելով իր գործունեությունը Հայաստանի անկախացման վաղ տարիներին, երբ դեռեւս թարմ էին Խորհրդային Միությունից մնացած «ոչ շուկայական» պատկերացումները, իսկ աուդիտն ընկալվում էր որպես հերթական ստուգում, ընկերությունը մեծ ավանդ է ունեցել ոլորտի կայացման գործում: Ընկերության բաժնետեր, նախկին գործադիր տնօրեն Արման Փինարբասին Banks.am-ին հետաքրքիր մանրամասներ է պատմել «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադրման, վաղ տարիների դժվարությունների եւ հաղթանակների մասին:Հայրենասիրական մղումներովԽորհրդային Միության փլուզումից հետո՝ Հայաստանի անկախացման առաջին տարիներին, աուդիտը` որպես գործունեություն, նորություն էր Հայաստանում: Ոլորտում գործում էին հատուկենտ աուդիտորական ընկերություններ, որոնք հիմնականում միջազգային էին: Դրանց թվում էր «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի իրավանախորդը` ֆրանսիական «Ամիօ Էքսկո»-ն:««Ամիօ Էքսկո»-ի գործունեությունը Հայաստանում սկսվեց ընկերության հայազգի ղեկավար Հրաչյա Ջուլհակյանի նախաձեռնությամբ: Վերջինս, լսելով Հայաստանի անկախացման լուրը, հայրենասիրական մղումներով որոշեց գործունեության այս տեսակը զարգացնել հայրենիքում»,- հիշում է Արման Փինարբասին, որը կանգնած է եղել ընկերության հիմնադրման ակունքներում:Նրա խոսքով` նախնական շրջանում հայաստանյան ընկերություններին ծառայություններ մատուցում էին անմիջապես Ֆրանսիայից: Պահանջարկն այդ տարիներին ներկայացնում էին հիմնականում միջազգային կազմակերպությունները՝ Եվրահանձնաժողովը, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ հազվադեպ` մասնավոր ընկերությունները: 1994-ից սկսեցին աշխատանքներ տարվել այստեղ ներկայացուցչություն հիմնելու ուղղությամբ, իսկ 1997-ին ՀՀ Ազգային ժողովը «Ամիօ Էքսկո Հայաստան»-ին տրամադրեց երկրում առաջին աուդիտորական լիցենզիան: 1998-ին էլ Արման Փինարբասին Ֆրանսիայից տեղափոխվեց Հայաստան` ղեկավարելու նորաբաց ընկերությունը: Արման Փինարբասին` «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի 10-ամյակին` ընկերության բաժնետերերի հետ Լուսանկարը՝ Անձնական արխիվ «Տարիների ընթացքում, երբ միջազգային կառույցները ներդրում արեցին նաեւ Հայաստանի սեփական բիզնեսներում՝ նրանցից պահանջելով անկախ աուդիտորական եզրակացություններ, զարգացավ նաեւ մասնավոր կազմակերպությունների աուդիտը: Այսպիսով` աուդիտորական ծառայություններն աշխուժացան Հայաստանի տնտեսության զարգացմանը համընթաց»,- ընդգծում է նա:Հակասական պատկերացումներ «Աուդիտի հասկացությունն այդ տարիներին լրիվ նորություն էր Հայաստանում, անգամ ԽՍՀՄ-ից ժառանգած հաշվապահական գիտելիքներն այլ մոտեցում ունեին եւ աուդիտը նույնացնում էին պետական ռեվիզիայի հետ: Անընդհատ ստիպված էինք բացատրել, որ մեր գործունեությունն անկողմնակալ է, հարկային մարմնի շահերը չենք ներկայացնում, այլ, ընդհակառակը, տալիս ենք անաչառ գնահատական ընկերության հաշվապահության վերաբերյալ»,- պատմում է ընկերության բաժնետերը:Նրա բնորոշմամբ՝ սա իրենց առաջին մարտահրավերն էր Հայաստանում, որին բախվեցին հենց գործունեության սկզբից: «Մենք, ինչպես ցանկացած առեւտրային ընկերություն, շահույթ ստանալու նպատակ էինք հետապնդում: Սակայն եթե այլ ոլորտի ընկերությունները բախվում էին միայն ընդհանուր շուկայական եւ մրցակցային խնդիրների, մեզ մոտ դրանց գումարվում էին շուկայի նոր լինելու հետ կապված դժվարությունները»,- նշում է Արման Փինարբասին:Նրա կարծիքով՝ աուդիտի հասկացությունն այսօր էլ «մինչեւ վերջ» չի ընկալվում ԱՊՀ ամբողջ տարածքում, սակայն բավական ընդունված է բոլոր նրանց շրջանում, ովքեր այս կամ այն չափով տեղեկացված են միջազգային ստանդարտներից կամ առնչվում են միջազգային շուկային: Հայաստանում էլ, ընդհանուր առմամբ, աուդիտը մտել է գործարար դաշտ, այն դեպքում, երբ 15-20 տարի առաջ դրա կարիքն ու օգուտը գրեթե չէր գիտակցվում:Մասնագետների պատրաստում 0-ից«1990-ականներին դժվարություններ ունեինք նաեւ կադրերի համալրման եւ վերապատրաստման գործում. այդ ժամանակ քչերն էին խոսում անգլերեն կամ ֆրանսերեն, իսկ ոլորտի միջազգային ստանդարտները կազմվում էին այդ լեզուներով: Սկզբնական շրջանում ծառայություններ մատուցում էր Ֆրանսիայի անձնակազմը, որը բարձր մասնագիտացում եւ հարուստ փորձ ուներ: 1999-ից սկսեցինք պատրաստել մեր սեփական կադրերը. Ֆրանսիայից մասնագետներ հրավիրեցինք, որոնք մեր աշխատակիցներին փոխանցեցին ինչպես պահանջվող պրոֆեսիոնալ, այնպես էլ էթիկական գիտելիքները, որոնք պակաս կարեւորություն չունեն այս գործում: Մեր աշխատակիցները մասնակցեցին տարբեր դասընթացների, ստացան միջազգային վկայականներ եւ որակավորումներ՝ ընկերության միջոցների հաշվին: Բավական մեծ ներդրում կատարեցինք կադրերի պատրաստման հարցում»,- պատմում է Արման Փինարբասին:Իրավական կարգավորում1990-ականներին, երբ Հայաստանում մի ամբողջ հասարակարգ էր փոխվել, բնական է, որ շատ ոլորտներում, այդ թվում՝ աուդիտի, չկար պատշաճ օրենսդրական կարգավորում: Իրավական դաշտն անկատար էր, հստակ չէին կարգավորչի գործառույթները, կազմակերպություններն էլ հստակ չգիտեին իրենց պարտականությունները կարգավորչի առաջ: Աուդիտին առնչվող առաջին օրենքն ընդունվել է միայն 1994-ին: Աուդիտորական դաշտի զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել Կենտրոնական բանկի կարգավորիչ դերը: Բացի այդ, վերջինն իրականացրել է նաեւ ուսուցման եւ վերապատրաստման գործառույթներ՝ մինչեւ բուհերում աուդիտորական, բանկային եւ հաշվապահական ֆակուլտետների առաջացումը: Արման Փինարբասին Լուսանկարը՝ Անձնական արխիվ Այսօր իրավիճակը լիովին այլ է. գործում են հստակ իրավական մեխանիզմներ, կա կարգավորիչ մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, ինքնակարգավորող մարմին՝ Հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան, եւ կողմերը տեղյակ են իրենց իրավունքներից ու պարտականություններից:Երկու տասնամյակ անց...Անցել են տարիներ, եւ 8 աուդիտոր ունեցող «Ամիօ Էքսկո Հայաստան»-ը վերածվել է 150 աշխատակիցներով «Գրանթ Թորնթոն Հայաստան» խոշորագույն կազմակերպության, որը շուկայում առաջատար է ինչպես իրացման ծավալներով եւ աշխատակազմի մեծությամբ, այնպես էլ շուկային անընդհատ ներկայացվող նորարարական մոտեցումներով:«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը հայաստանյան շուկայում ներկայում ունի 3 առանձին կազմակերպություն, որոնք զբաղվում են աուդիտով, բիզնեսի խորհրդատվությամբ եւ հարկային ու իրավաբանական խորհրդատվությամբ: Բացի այդ, ընկերությունը կազմակերպություններ է հիմնել Վրաստանում, Տաջիկստանում, Ղրղըզստանում եւ վերջերս թույլտվություն է ստացել «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ից Մոնղոլիայում կազմակերպություն հիմնելու: «Առաջիկայի մեր ամենամեծ նպատակը տարածաշրջանային ընդլայնումն է ինչպես առանձին կազմակերպություններ հիմնելու, այնպես էլ կապիտալի մասնակցության եւ ծառայությունների արտահանման միջոցով»,- ամփոփում է Արման Փինարբասին:Արման Փինարբասին արդեն մի քանի տարի է՝ չի բնակվում Հայաստանում, տեղափոխվել է Ֆրանսիա, աշխատում է «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի մի քանի գրասենյակների (այդ թվում՝ Նիցայի) տարածաշրջանային տնօրենի պաշտոնում: «Գրանթ Թորնթոն Հայաստանի»-ի տնօրենի պաշտոնում նրան փոխարինել է Գագիկ Գյուլբուդաղյանը: Այդուհանդերձ, Արման Փինարբասին պահպանում է իր կապերը տեղական ընկերության հետ, հանդիսանում է ընկերության բաժնետերը եւ տարվա մեջ մի քանի անգամ այցելում Հայաստան: Չնայած «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ընթացիկ կառավարման գործերին մասնակցելու անհնարինությանը՝ գլոբալ, ռազմավարական կառավարման հարցերում շարունակում է մնալ ներգրավված:ՇարունակելիՊատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 12003