Մեկնարկել է «Իմ ֆինանսների միամսյակ»-ը

01.10.2014 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ՀՀ Կենտրոնական բանկում (ԿԲ) տրվել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի մեկնարկը, որի շրջանակում մեկ ամիս շարունակ Երեւանում եւ մարզերում կիրականացվեն ֆինանսական կրթության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Արդեն երկրորդ տարին իրականացվող ծրագրին մասնակցում են ՀՀ առեւտրային բանկերը, վարկային կազմակերպություններն ու ապահովագրական ընկերությունները:

«Թեկուզ այն փաստը, որ 17 խոշոր կառույցներ մասնակցում են այս ծրագրին, վկայում է վերջինիս կայացման ճանապարհին գտնվելու մասին: Այս ծրագիրը վերջերս մշակված ֆինանսական կրթության ազգային ռազմավարության կարեւոր հատվածներից է»,- ասել է ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Բանկերի հետ համատեղ նպատակ ունենք որպես թիրախային խումբ դիտարկել այն հաճախորդներին, ովքեր պակաս տեղեկացված են կամ ընդհանրապես չեն օգտվում բանկերի ծառայություններից: Ծրագրի շրջանակում բանկերի կողմից կազմակերպված միջոցառումները հիմնականում ուղղված են լինելու դպրոցականների եւ ուսանողների շրջանում իրազեկվածության բարձրացմանը; Բանկերը ակտիվ կլինեն նաեւ ավտոբուսային էքսկուրսիաների ընթացքում, իսկ «բաց դռների օրվա» շրջանակում հաճախորդներին հնարավորություն կընձեռվի բանկերի գործունությանը հետեւել ներսից»,- իր խոսքում նշել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, հավելելով, որ բանկերի կողմից հատուկ «բաց դռների օրը» կառաջարկվեն շատ ավելի մատչելի ծառայությունների եւ պրոդուկտներ:   

Միջոցառմանը ներկա ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը նշել է, որ Գերմանիայի կառավարության համար չափազանց կարեւոր է Հայաստանի ֆինանսական հատվածի ֆինանսական գիտելիքների ավելացումը: Նրա փոխանցմամբ, Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը առանցքային գործընկեր է այս նպատակի իրագործման հարցում:

Այս տարվա ծրագրի շրջանակում նախատեսված է «Ֆինանսական շրջագայություն» ավտոբուսով, բանավեճեր եւ սեմինարներ բուհերում, «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի անցկացում մոտ 70 ուսանողների մասնակցությամբ, «Երազանքների ծառ» եւ մի շարք այլ միջոցառումներ:

Ծրագիրն իրականացնում են ՀՀ Կենտրոնական բանկը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի բանկերի միությունը, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Վարկային կազմակերպությունների միությունը, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, KfW-Kreditanstalt fur Wiederaufbau, SBFIC-Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ն:

«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը կեզրափակվի նոյեմբերի 4-ին:

Դիտում՝ 4396
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW