Անելիք Բանկը հոկտեմբերի 1-ից իջեցնում է մի շարք ծառայությունների սակագները եւ դրույքաչափերը:Մասնավորապես, վերանայվել են «Բանկ-հաճախորդ» համակարգի, SWIFT միջազգային վճարային համակարգով իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից կատարվող փոխանցումների, ինչպես նաեւ մի շարք այլ ծառայությունների սակագներ: Այսուհետ «Բանկ-հաճախորդ» համակարգով գործարքներ կատարելու իրավասության տրամադրման համար իրավաբանական անձանցից գանձվող տարեկան վճարը կկազմի 20,000 դրամ, իսկ ֆիզիկական անձանցից` 5,000 դրամ: Նախկինում նշված ծառայության համար բանկի հաճախորդները վճարում էին ամսեկան համապատասխանաբար 4,000 դրամ եւ 900 դրամ: Սակագնային նման փոփոխությունը թույլ է տալիս հաճախորդներին կրճատել սպասարկման վճարի գծով իրենց տարեկան պարտավորությունները ավելի քան երկու անգամ: Բացի այդ, «Բանկ-հաճախորդ» համակարգով հաճախորդների հաշիվների դիտման իրավասության տրամադրման համար այսուհետ նրանցից տարեկան կամ ամսական սպասարկման վճար չի գանձվելու: Համակարգին միանալու համար (թե դիտման իրավասության եւ թե գործարքներ կատարելու իրավասության տրամադրման համար) անհրաժեշտ է կատարել մեկանգամյա վճար` իրավաբանական անձանց դեպքում 10,000, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` 5,000 դրամ: Բանկում նաեւ նշել են, որ SWIFT համակարգով իրականացվող միջազգային փոխանցումները հոկտեմբերի 1-ից հնարավոր կլինի կատարել` սկսած 3000 դրամից նախկին 7,500 դրամի փոխարեն: «Անելիք Բանկը մշտապես իրականացրել է ճշգրտված եւ շուկային համահունչ սակագնային քաղաքականություն: Վստահ եմ, որ սակագների այս փոփոխությունները բանկի հաճախորդներին հնարավորություն կտան առավել նպաստավոր պայմաններով իրականացնել իրենց գործարքները»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ-Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը: Tweet Դիտում՝ 1931