ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացրած տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Նրանք դիտարկումներ են ներկայացրել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ: Օրենքով առաջարկվում է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ «օրենքն ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, իսկ մանր ու միջին բիզնեսն այդ օրենքի կիրառումից որեւէ կերպ չի տուժի»: Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ները խոշոր ընկերությունների համար չդառնան հարկերը թաքցնելու հարթակ եւ գործիք: Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ընդունված օրենքով պետական բյուջեի մուտքերը նվազելու են 10 մլրդ դրամով, քանի որ ՓՄՁ-ներն այսուհետ 3,5 տոկոսի դիմաց վճարելու են 1 տոկոս շրջանառության հարկ: «Կառավարությունը հրաժարվել է այդ գումարից, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը զարգանա, ծաղկի: Դա է մեր նպատակը: Ձեզ խնդրում ենք՝ առանց փաստաթղթի մի աշխատեք: Կառավարությունը ձեր հարկային բեռը թեթեւացրել է, որպեսզի դուք կայանաք»,- շեշտել է վարչապետը:Անդրադառնալով տնտեսվարողների այն դիտարկմանը, թե խոշոր բիզնեսն ապրանքը վաճառելուց իրենց փաստաթուղթ չի տրամադրում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրա համար կան մարմիններ, որոնք պետք է հետեւեն եւ օրենքի շրջանակում մարդկանց պատասխանատվության ենթարկեն:«Դուք պետք է օգնեք, որպեսզի խոշորներին բերենք օրինական դաշտ: Սա է մեր նպատակը: Մենք ձեր թշնամին չենք, մենք ձեզ օգնելու ենք, աջակցելու եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի դուք կայանաք: Փոքր եւ միջին բիզնեսը մենք շատ ենք կարեւորում, դրա համար էլ այս քայլերին ենք գնում»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: Tweet Դիտում՝ 1871