Go2Armenia-ն գործարկել է ներգնա տուրիզմի զարգացման ծրագիրը

09.09.2014 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 4-ից մեկնարկել է Go2Armenia ընկերության` Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակներում շաբաթը երկու օր դեպի Երեւան երեքական չվերթ կլինի, որոնցից երկուսը` Մոսկվայից,  երկուսը` Դանի Ռոստովից եւ երկուսը` Կրասնոդարից:

Նախագծի առաջին այցելուները Go2Armenia ընկերության զբոսաշրջային փաթեթները վաճառող տուրօպերատորների աշխատակիցներն են:

Մոսկվայից, Դոնի Ռոստովից եւ Կրասնոդարից եկած ավելի քան 50 տուրօպերատորները մի քանի օրվա ընթացքում անձամբ կծանոթանան Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը:

«Եկանք այն եզրակացության, որ նման ճանաչողական այցն ավելի արդյունավետ կլինի տուրօպերատորների աշխատակիցների համար, քան բուկլետներն ու գովազդային արշավները: Հիսունից ավել հյուրերը մեզ հետ համագործակցող ընկերությունների աշխատակիցներն են, որոնք ավելի լավ պատկերացում կկազմեն Հայաստանի եւ փաթեթում ներառված ծառայությունների մասին»,-ասել է Go2Armenia ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննա Գրիգորյանը:

«Մեր ցանկությունն է, որ տուրի ավարտին դուք հանդես գաք ձեր առաջարկություններով եւ կարծիքներով, որոնք կօգնեն մեզ կատարելագործել փաթեթում ներառված ծառայությունները»,- հյուրերի հետ հանդիպման ժամանակ ասել է Go2Armenia ընկերության տնօրեն Արկադի Կեւորկովը:

Նա նշել է, որ  աշխատանքի ընթացքում պետք է փորձեն հասկանալ, թե ի՞նչպես կարող են նվազեցնել փոխադրման ծախսերը: «Մենք լուրջ մեկնարկային փուլում ենք, կանգ չենք առնելու եւ գնալու ենք դեպի զարգացման», - ասել է ընկերության ղեկավարը:

Տուրիստական փաթեթները ներառում են էքսկուրսիաներ ՀՀ ողջ տարածքում, որոնք կներառեն այցելություններ պատմական վայրեր, կուրորտային քաղաքներ, ազատ հանգիստ, լեռնադահուկային տուրեր եւ այն: Նախագծի շրջանակներում Հայաստան եկող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական մշակույթին, համտեսելու հայկական կոնյակն ու ծանոթանալու հայկական խոհանոցային մշակույթի հետ:

«Հայաստանը մի մեծ հյուրընկալ տուն է, որտեղ սեղանը միշտ լի է համեղ կերակուրներով, իսկ դուռը` բաց անսահմանափակ թվով հյուրերի համար»,-ասել է Go2Armenia ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենն ու հավելել, որ նախագծի հիմնական նպատակն է Հայաստանի ճանաչվածությունն ու հասանելիությունը զանգվածային դարձնել:

«Ջանքեր ենք գործադրում զանգվածային տուրիզմի զարգացման ուղղությամբ, քանի որ ունենք անհրաժեշտ պայմանները: Սովետական տարիներին տուրիզմը եղել է Հայաստանի զարգացած ճյուղերից մեկը, ինչը փորձում ենք վերականգնել»,-ասել է Աննա Գրիգորյանը:

Go2Armenia ընկերությունը նախատեսում է  2015 թվականից նախագծում ընդգրկել 11 ռուսաստանյան քաղաքներ, 11 եվրոպական եւ 7 ասիական երկրներ:  

Go2Armenia ընկերության առաքելության մասին կարող եք կարդալ նաեւ այստեղ:

Դիտում՝ 5060
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW