Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման, տնտեսական հավասարաչափ զարգացման եւ տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ գերատեսչությունների կողմից առաջարկվող մի շարք միջոցառումներ:Մասնավորապես, սեպտեմբերի 3-ին կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին այդ գործունեության մասով առաջացող հարկերից ազատելու հնարավորություններն ու մեխանիզմները, ներդրումների ծավալի աճը խթանելու նպատակով ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառվող շեմի մեծության վերանայման հնարավորությունները, պետական հատվածից բացի բնակարանաշինարարության ոլորտում սոցիալական քաղաքականություն իրականացնելու եւ շինարարական ոլորտն ակտիվացնելու նպատակով անմիջականորեն կառուցապատողներից բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների սուբսիդավորման հնարավորությունը՝ դրանք նվազեցնելով վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարներից: Քննարկվել է նաեւ ամբողջությամբ հարկային հաշիվների եւ այլ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին անցումը, ինչը հնարավորություն կընձեռի էապես նվազեցնել հարկատուի՝ հարկային մարմինների հետ շփումը, միաժամանակ ապահովելով անհրաժեշտ փաստաթղթավորման եւ հաշվետվողականության պահանջները:Վարչապետը հանձնարարել է ներկայացված առաջարկները քննարկել շահագրգիռ կողմերի հետ եւ հնարավորինս արագ ներկայացնել կառավարության քննարկմանը: Tweet Դիտում՝ 1672