ՀՀ ԿԲ կողմից հրապարակված գնաճի հաշվետվության համաձայն, կանխատեսվող հորիզոնում գնաճը կկայունանա իր նպատակային 4% մակարդակի շուրջ: ԿԲ կանխատեսմամբ, տնտեսական ակտիվության դանդաղ վերականգնման, օգոստոս ամսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման եւ չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների դրոշմապիտակների ներմուծման պայմաններում Հայաստանում գնաճը տարվա երկրորդ կիսամյակում որոշակիորեն կավելանա, սակայն տարեվերջին դեռեւս կպահպանվի ցածր մակարդակում:Իրավիճակով պայմանավորված՝ 2014-ի երրորդ եռամսյակում եւս ԿԲ-ն կշարունակի թուլացնել դրամավարկային պայամնները, ինչը կարող է հանգեցնել համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպի վերականգնմանը` իր հետ բերելով տնտեսական ակտիվության որոշակի աշխուժացման: Կանխատեսված ցուցանիշի գնաճի շեղման ռիսկերը կարճաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում ԿԲ-ն հավասարակշռված է համարում:Հաշվետվության մեջ նշվում է նաեւ, որ արտաքին հատվածում 2014-ի երկրորդ եռամսյակում համաշխարհային պահանջարկը շարունակել է ցածր մնալ, հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվել են թույլ գնաճային միտումներ: Կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնվում, հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային ճնշումներ չեն սպասվում: Tweet Դիտում՝ 1781