ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում այսօր հայտնել է օրինագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:Նա նշել է, որ նախագծի կարգավորման հիմնական առանցքն իրազեկումների առավել հստակ ընթակարգ սահմանելն է: Մասնավորապես, գործող կարգավորմամբ սահմանվում է, որ ճանապարհային երթեւեկության կանոնների վերաբերյալ մի շարք «իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները համարվում են հանձնված (ստացված) նաեւ, եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ իր կողմից նշված հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն կամ հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը»:Մինչդեռ նոր նախագծով առաջարկվում է հետեւյալ կարգավորումը. «Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները պետք է հանձնվեն անձամբ հասցեատիրոջը: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումը ստանալուց հրաժարվելու մասին։ Եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ ճիշտ չի նշել հասցեն կամ նրա հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը եւ ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումը ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաեւ տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում»:Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ իրազեկումների կամ ծանուցումների այս մոդելը գործում է նաեւ դատական ծանուցումների դեպքում, մասնավորապես նմանօրինակ եղանակով ծանուցում նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` 2014թ. հուլիսի 3-ին ուժի մեջ մտած լրամշակված տարբերակում:Պատգամավորի խոսքերով, աշնանային նստաշրջանի մեկնարկին նախագծի քննարկումն ապահովելու համար անհրաժեշտ ժամկետների պահպանման նպատակով այն ներկայացվել է որպես պատգամավորական նախաձեռնություն, սակայն նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումներ եղել են նաեւ կառավությունում, ուստի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության հետ համատեղ: Tweet Դիտում՝ 2910