2013-ի ավարտին Արարատբանկի զուտ շահույթը կազմել է 3 մլրդ 820 մլն դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է 19 մլրդ 632 մլն դրամ՝ 2012-ի համեմատ աճելով 19.3 %-ով:Այս մասին այսօր կայացած Արարատբանկ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ հայտնել է բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:Աշոտ Օսիպյանի փոխանցմամբ, 2013-ը բարեհաջող տարի է եղել բանկի համար: Տարեվերջին բանկի ակտիվները կազմել են 125 մլրդ 236 մլն դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 10.1%-ով: Վարկային ներդրումների աճը կազմել է 11.1%, վարկերի ծավալը` 59 մլրդ 954 մլն դրամ: 2013-ին փոփոխություն է նկատվել բանկի վարկային փաթեթում` ուղղվելով դեպի փոքր վարկերի տրամադրում: Հաշվետու տարում բանկն ունեցել է իրավաբանական անձանց վարկավորման 12%-աճ, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումն աճել է 11%-ով: 2013-ին բանկն առաջին անգամ իրականացրել է գյուղվարկավորում, որի ընդհանուր ծավալը կազմել է 200 մլն դրամ: Բանկը նաեւ պլաստիկ քարտերի թողարկման աճ է գրանցել, որոնց թիվը տարվա ավարտին հատել է 125 հազարը: Տարվա ընթացքում պլաստիկ քարտերով 67 մլրդ դրամի կանխիկացում է կատարվել, իսկ անկանխիկ գործառնությունների թիվը հատել է 11,7 մլրդ դրամի շեմը: Հաշվետու տարում 9,6%-ով աճել է բանկի հաճախորդների քանակը: Տեղի է ունեցել է պարտատոմսերի երկու` դրամով եւ դոլարով արտահայտված թողարկում: «Կուզենայինք ավելի շատ վարկավորում կատարել, դրսից միջոցներ ներգրավելու շատ հնարավորություն ունեինք, սակայն Հայաստանում չտեսանք առողջ վարկային միջոցների պահանջարկ, ինչի հետեւանքով վարկային ներդրումների 11% աճ գրանցվեց, մինչդեռ պլանավորել էինք կրկնակին»,-հավելել է Աշոտ Օսիպյանը:Նրա փոխանցմամբ, «2014-ին բանկի ուշադրության կենտրոնում կմնա գյուղատնտեսական վարկերի տրամադրումը, կբարելավվեն մասնաճյուղերի կառավարման համակարգերը, կկատարվի գործառնական ռիսկի քարտեզագրում»: Բանկի բաժնետերերի տարեկան ժողովին ներկա ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը բարձր է գնահատել համագործակցությունը Արարատբանկի հետ, իսկ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ բանկը միշտ աչքի է ընկել կառավարման բարձր հմտություններով: «Մշտապես վարելով ակտիվ վարկային քաղաքականություն եւ ներգրավված լինելով մի շարք սոցիալական ուղղվածության ծրագրերում` Արարատբանկը նպաստել է մեր տնտեսության գերակա ճյուղերի զարգացմանը»,-ասել է Ներսես Երիցյանը:Բաժնետերերի ժողովը հաստատել է բանկի` 2013-ի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվետվությունները եւ շահույթի բաշխումը հավետու տարվա արդյունքներով: Գործունեության արդյունքում առաջացած զուտ շահույթից 297 մլն դրամ կվճարվի որպես շահաբաժին: Tweet Դիտում՝ 1606