ԿԲ-ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է տոկոսադրույքը` դարձնելով այն 7.00%

25.06.2014 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդը որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 7.00%:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, 2014 թ. մայիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա անփոփոխ գների մակարդակի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մայիսի վերջին կազմել է 3.6%: Խորհրդի կարծիքով,  առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կշարունակի մեղմվել՝ հիմնականում պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ, և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ներքև:

ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ դեռևս չեն ակնկալվում:

Խորհրդի գնահատականով, 2014 թ. առաջին կեսի արդյունքներով տնտեսական աճը գտնվում է ակնկալվածի շրջանակներում: Ընդ որում, արդյունաբերության ճյուղի համեմատաբար պասիվությունն ու շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերը փոխհատուցվել են գյուղատնտեսության և ծառայությունների՝ սպասվածից ավելի բարձր աճով: 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը և մինչ օրս ԿԲ կողմից դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը կարճաժամկետում կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման միջոցով:

ԿԲ խորհուրդը համակարծիք է եղել, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

Դիտում՝ 1755
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW