Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է $32.67 մլն ֆինանսավորման հատկացումը Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրին: Ծրագրով նախատեսվում է մեծածավալ արոտավայրեր ունեցող 8 մարզերի շուրջ 100 համայնքներում բարելավել արոտավայրերի եւ անասնապահական համակարգերի արդյունավետությունն ու ինքնաբավությունը՝ ավելացնելով շուկա դուրս բերվող անասնապահական արտադրանքը եւ մեծացնելով բարձրարժեք գյուղատնտեսական պարենային արժեշղթաները: «Աղքատության նվազեցման եւ գյուղական համայնքներում համընդհանուր բարեկեցության խթանման համար խիստ կարեւորվում է գյուղացիական տնտեսությունների համար արտադրողականության մեծացումն ու շուկայի հասանելիության ապահովումը»,- նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին՝ հավելելով, որ ծրագրային աշխատանքներից հիմնականում կշահեն արոտավայրերի օգտագործողները, ֆերմերային կոոպերատիվները, ինչպես նաեւ սննդի արտադրությամբ զբաղվողները: Նրա խոսքով, ակնկալվում է, որ արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներին (ԱՕԿ) անդամակցելու միջոցով առնվազն 50000 ֆերմերներ կմասնակցեն ծրագրին: «Ծրագիրը կօգնի գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին ու վերամշակողներին բարելավել տեղական շուկայի պահանջարկը ապահովելու ու միջազգային շուկա դուրս գալու իրենց կարողությունները՝ հիմնվելով հայաստանյան շուկայի մրցակցային առավելությունների վրա»,- ասել է Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Նիկոլաս Ահյուսուսին: Նշվում է, որ մոտ 100 համայնքներում կձեւավորվեն արոտավայրեր օգտագործողների կոոպերատիվներ, որոնք առանցքային դերակատարում կունենան արոտավայրերի/ անասնապահության կառավարման ինքնաբավ պլանների մշակման եւ դրամաշնորհային միջոցները ստանալու հարցում (մոտ $200 հազ. ամեն ԱՕԿ-ի մասով): Ֆինանսավորումը կարող է ուղղվել հեռագնա արոտավայրեր հասնելու ու դրանք օգտագործելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորմանը, սառեցման սարքավորումներով հագեցած կաթի հավաքագրման կետերի ստեղծմանը, կերարտադրության ու անասնակեր հավաքելու համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի ձեռքբերմանը եւ համայնքային նշանակության այլ նպատակներին: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է $42.67 մլն, որից $10 մլն կազմում է ՀՀ կառավարության ու շահառուների ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է $9.67 մլն համարժեք վարկ ՄԶԸ-ից, որից $3.8 մլն համարժեք գումարը 1.25% տարեկան տոկոսադրույք, 25 տարի ժամկետ և 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան, $5.87 մլն համարժեք գումարը 1.40% տարեկան տոկոսադրույք, 25 տարի ժամկետ եւ 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան, եւ $23 մլն փոխառություն ՎԶՄԲ-ից՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան եւ 25 տարի ժամկետ: Հիշեցնենք, որ 1992 թ-ին Համաշխարհային բանկին, իսկ 1993 թ-ին՝ ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր առմամբ տրամադրվել է $1 մլրդ 871.73 մլն: Tweet Դիտում՝ 3904