ԿԲ-ն մեկնաբանել է Գառնու տաճարի տարածքում կազմակերպված միջոցառումը

20.06.2014 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված հունիսի 18-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում Հայաստանում Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի գումարված տարեկան 8-րդ ժողովի շրջանակում կազմակերպված միջոցառման հետ:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Վերջին օրերին սոցցանցերում եւ մամուլում տարբեր անդրադարձներ են կատարվել մշակութային կոթողներում կայացած միջոցառումներին, որոնց թվում հիշատակվել է նաեւ հունիսի 18-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում Հայաստանում Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի գումարված տարեկան 8-րդ ժողովի շրջանակում կազմակերպված մշակութային ծրագիրը, ինչը թյուրիմացաբար ներկայացվել է որպես «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում»:

ՀՀ կենտրոնական բանկը հարկ է համարում նշել, որ վերջինս «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում» չի եղել, այլ Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի տարեկան ժողովի առիթով Կենտրոնական բանկի եւ Հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված պաշտոնական ընդունելություն՝ հագեցած մշակութային ծրագրով՝ հնարավորություն ընձեռելով միջոցառման շրջանակում Հայաստան ժամանած բազմաթիվ օտարերկրացիներին հաղորդակից լինել նաեւ մեր պատմամշակութային ժառանգության գոհարներից մեկին ու վայելել բարձրարժեք երաժշտական երեկո:

Ընդունելությանը մասնակցել են տարածաշրջանի 18 երկրներից ավելի քան 300 պատվիրակ, որոնց թվում եղել են հիմնադրամի անդամ երկրների պետական եւ ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ընդունելության ընթացքում կազմակերպիչների կողմից խստորեն պահպանվել են նման միջոցառումների նկատմամբ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվող բոլոր պահանջները:

Գառնու հեթանոսական տաճարի շենքը եւ արգելոցի տարածքում պատմա-մշակութային արժեք ներկայացնող որեւէ այլ կառույց չի օգտագործվել միջոցառման ժամանակ: Շարժական բեմը, ինչպես նաեւ ընդունելության համար անհրաժեշտ սեղանները հավաքվել եւ տեղադրվել են տաճարի մերձակա սալապատված ազատ հարթակում եւ միջոցառումից հետո անմիջապես ապամոնտաժվել են: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները եւ ԿԲ անվտանգության աշխատակիցները տարածքում ապահովել են կարգուկանոնը, իսկ միջոցառման ավարտից հետո ամբողջ տարածքը մաքրվել է:

Տաճարի տարածքը այցելուների հոսքը դադարեցվել է ժ. 17:00-ից: Իսկ մինչ այդ ողջ օրվա ընթացքում զբոսաշրջիկները ազատ կարողացել են մուտք գործել տարածք:

Նշենք, որ Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը ստեղծվել է Հարավային Եվրոպայի եւ Եվրոպական հարեւանության արեւելյան տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելու նպատակով:

Հիմնադրամին անդամակցում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: Հիմնադրամը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է տրամադրում փոքր եւ միջին ձեռնարկություններին:

Հիմնադրամն իր գործունեության ընթացքում գործընկեր կազմակերպությունների միջոցով տեղաբաշխել է ավելի քան 3.3 մլրդ եվրոի մոտ 470 000 վարկ: Հիմնադրամը G20-ի կողմից գնահատվել է որպես փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման առումով լավագույն հիմնադրամներից մեկը: Ներկա դրությամբ Հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրվել են մոտ 44 մլն եվրոի վարկային միջոցներ»:





Դիտում՝ 1703
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW