Երեւանի քաղաքապետարանում ներկայացվել են բրիտանական «URS» խորհրդատվական ընկերության՝ Երեւանի մետրոպոլիտենի` դեպի Աջափնյակ վարչական շրջան մոտ 3 կիլոմետրանոց նոր ուղեգծի կառուցման իրագործելիության ուսումնասիրության արդյունքները: Ինչպես հայտնել են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում, ուսումնասիրությունը կատարվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով՝ Երեւանի քաղաքապետարանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ համագործակցության շրջանակում:«URS» ընկերության ներկայացուցիչ Դեյվիդ Դենիսը ներկայացրել է նոր ուղեգծի կառուցման 4 հիմնական տարբերակ: Խորհրդատուն նշել է, որ իրականացվել են նաեւ շահագործման եւ շարժակազմի, պահանջարկի նախնական ուսումնասիրությունների վերաբերյալ հետազոտություններ, ինչպես նաեւ տնտեսական եւ ուղեւորահոսքի կանխատեսման գնահատում: Անդրադառնալով նախկինում գլխավոր հատակագծով ուղեգծված երթուղու իրագործման հնարավոր տարբերակին՝ Դեյվիդ Դենիսը նշել է, որ այդ դեպքում կատարվելու են լրացուցիչ հորատման աշխատանքներ, որոնք կհանգեցնեն լրացուցիչ ծախսերի, մինչդեռ իրենք ընտրել են պակաս ծախսատար տարբերակները: Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կարեւորել է Երեւանի մետրոպոլիտենի զարգացումը, նշելով, որ ծրագիրը երեւանցիների համար երկար սպասված է ու իրագործվելու դեպքում էական փոփոխություններ կբերի ինչպես երթեւեկի բեռնաթափման, այնպես էլ ուղեւորափոխադրման առավել արդյունավետ կազմակերպման առումով: Նրա փոխանցմամբ, մետրոպոլիտենի զարգացումը ներառված է մայրաքաղաքի 2005-2020 թ.թ. գլխավոր հատակագծում՝ որպես կենսական նշանակության գործընթաց: Վահե Նիկոյանը տեղեկացրել է, որ իրագործելիության ուսումնասիրության առաջարկները հետագայում կօգտագործվեն Երեւան քաղաքի հեռանկարային զարգացման հնարավորությունների քննարկումների ժամանակ։ Tweet Դիտում՝ 6811