Կոնվերս Բանկը ներդնում է էլեկտրոնային առեւտրի նոր eCommerce համակարգ՝ հատուկ հայաստանյան ընկերությունների համար: Ինչպես հայտնել են բանկում, eCommerce համակարգի շնորհիվ Հայաստանում գրանցված ընկերությունները հնարավորություն կստանան ընդունելու միջազգային Visa եւ MasterCard քարտերով վճարումներ ամբողջ աշխարհից՝ առանց նախկինում առկա բարձր միջնորդավճարի: «Այս ծառայությունը հայաստանյան գործարարների համար նոր դռներ կբացի դեպի էլեկտրոնային առեւտրի գլոբալ աշխարհ: Եվ գործարարների, եւ քարտապանների ապահովության համար Կոնվերս Բանկը ներդրել եւ կիրառում է անվտանգության ամենաժամանակակից գործիքները», - նշված է բանկի հաղորդագրության մեջ:eCommerce համակարգը, ինչպես նաեւ Կոնվերս Բանկի ՏՏ ուղղվածություն ունեցող մի շարք նոր պրոդուկտներ կներկայացվեն հունիսի 20-21 կայանալիք Դիջիթեք Բիզնես Ֆորումին: «Կոնվերս Բանկն ուրախ է մասնակցել այս տարվա Դիջիթեք Բիզնես Ֆորումին եւ այնտեղ ներկայացնել մեր նոր պրոդուկտները: Մենք համոզված ենք, որ էլեկտրոնային առեւտրի զարգացումը կհանգեցնի Հայաստանի ողջ տնտեսության զարգացմանը, եւ դա է պատճառներից մեկը, որ վերջին շրջանում մենք բռնեցինք ֆինանսական շուկայում նորարար տեխնոլոգիական լուծումների ներդրման ուղին», - ասել է Կոնվերս բանկի Ռազմավարական զարգացման վարչության ղեկավար Րաֆֆի Քասարջյանը: Tweet Դիտում՝ 4000