Ֆուտբոլային տոն` $11 մլրդ արժողությամբ

12.06.2014 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը: Շատ է խոսվել այն մասին, որ բրազիլացիները դժգոհ են ֆուտբոլի աշխարհի առաջնությունը (ԱԱ) հյուրընկալելու համար ծախսված գումարներից: ԱԱ-ի մեկնարկից առաջ գործադուլները եւ ցույցերը շարունակվում են: NY Times-ը գրում է, որ Սան Պաուլույում, որտեղ տեղի է ունենալու բացման խաղը Բրազիլիայի եւ Խորվաթիայի միջեւ, ընդամենն օրեր առաջ ոստիկանության աշխատակիցները արցունքաբեր գազ են օգտագործել ցույցը ցրելու համար:

The Economist  բրիտանական պարբերականը, անդրադառնալով ԱԱ-ին, մեջբերում է  Pew հետազոտական կենտրոնի կողմից վերջերս անցկացված հարցման արդյունքները, որոնք փաստում են` բրազիլացիների 72%-ը դժգոհ է առաջնության նախապատրաստություններից, միայն 48%-ն է աջակցում ԱԱ-ին` ի տարբերություն 79%-ի, որ աջակցում էր 2007 թ-ին, երբ  Բրազիլիան արժանացավ ԱԱ-ն հյուրընկալելու պատվին: Այսօր բրազիլացիների միայն 34%-ն է կարծում, որ աշխարհի գավաթը կնպաստի տնտեսական աճին, մինչդեռ 39%-ը վստահ է, որ այն, ըստ էության, կվնասի Բրազիլիայի տնտեսությանը եւ իմիջին ամբողջ աշխարհում:

Boston.com-ը  առանձնացրել է մրցաշարի հետ կապված մի քանի ուշագրավ թվեր: Մրցաշարը Բրազիլիային արժեցել է մոտ $11 մլրդ` ի տարբերություն  2010թ. Հարավային Աֆրիկայում անցկացված ԱԱ-ի, որի ծախսերը կազմել էին $4 մլրդ: Կայքը նշում է, որ յուրաքանչյուր այցելուի համար կատարված ծախսերը միջին հաշվով կազմում են  $18 000` $5000-ով ավելի, քան 2010 թ-ին: Ըստ նախնական հաշվարկների, մրցաշարը Բրազիլիա կբերի 3.7 մլն զբոսաշրջիկների, որոնցից յուրաքանչյուրը միջինում կծախսի մոտ $2500: Ինչպես եւ նախորդ տարիներին, ակնկալվում է, որ եկամտի մոտ 65%-ը ձեւավորվելու է հեռուստատեսային ցուցադրման իրավունքների վաճառքից, որը, սակայն, տնօրինվելու է FIFA-ի կողմից: Չնայած ծախսված մեծ գումարներին եւ սպասելիքներին`մասնագետները գրեթե միաձայն կարծում են, որ այս սպորտային միջոցառումը դրական չի անդրադառնա Բրազիլիայի տնտեսության վրա:

Financial Times-ը  նշում է, որ նման միջոցառումների ազդեցությունն երկարաժամկետ աճի վրա, ընդհանուր առմամբ, չնչին է կամ բացասական. աշխատատեղերի ստեղծումը կարճաժամկետ է, ծախսերը թերագնահատվում են` երբեմն հանգեցնելով զանգվածային պետական պարտքի, որեւէ օգտակար ենթակառուցվածքի կառուցումը զրոյացվում է ծախսատար «սպիտակ փղերով» (սպորտային օբյեկտներ, որոնք միջոցառումից հետո չեն շահագործվում պահպանման բարձր ծախսերի պատճառով), զբոսաշրջության օգուտները չափազանցված են, քանի որ, որպես կանոն, զբոսաշրջիկներին «վախեցնում» են բարձր գները եւ ամբոխը:

Euler Hermes ընկերությունը, որը Allianz ապահովագրական խմբի մասն է կազմում, վերջերս կատարած իր հետազոտության մեջ նշում է, որ աշխարհի գավաթը եւ 2016թ. Օլիմպիական խաղերը, որոնք տեղի են ունենալու Ռիո դե Ժանեյրոյում, հազիվ թե նպաստեն Բրազիլիայի տնտեսական աճին, իսկ ձեռք բերված օգուտները կանհետանան հաջորդող գնաճի հետեւանքով:  Ըստ հետազոտողների հաշվարկների, այս երկու իրադարձությունների արդյունքում ՀՆԱ-ի աճը կկազմի ընդամենը 0.2%:

Swissinfo.ch շվեյցարական լրատվականին տրված հարցազրույցում բրազիլացի տնտեսագետ Կառլոս Բրագան նշել է. «Բոլորը սպասում են այս միջոցառմանը, ակնկալիքով, որ այն դրական ազդեցություն կունենա որոշ բնագավառների վրա, ինչպիսիք են շուկայի եւ ենթակառուցվածքների զարգացումը, երկրի դրական իմիջի ձեւավորումը: Թերևս, սա է պատճառը, որ մեծ ներդրումներ են կատարվում ԱԱ-ի մարքեթինգում: Սակայն, կարծում եմ, անիմաստ է հուսալ, որ  սպորտը ուղղակիորեն կնպաստի երկրի ենթակառուցվածքների առողջացմանը: Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի միջոցառումների վրա կատարած ծախսերը գերազանցում են դրանցից ստացվող տնտեսական արդյունքը: Եթե լոգիստիկայի, տրանսպորտի եւ հասարակական կարգի տեսանկյունից ԱԱ-ն ձախողվի, ապա դա նաեւ իրական բացասական ազդեցություն կունենա գործող իշխանության համար առաջիկա ընտրություններում»:

Որպես եզրակացություն կարելի է ասել, որ նման  մեգա-միջոցառումները պարզապես փոքր են Բրազիլիայի հսկա տնտեսություն վրա էական ազդեցություն ունենալու համար: Սակայն նրանք կարող են ազդել քաղաքական տեսանկյունից: Առկա սոցիալական դժգոհությունը եւ ԱԱ-ին վստահաբար հաջորդելիք գնաճը մարզական տրամադրությունները կարող են վերափոխել քաղաքականի` պայմանավորված հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններով:

Շուշան Մարգարյան` հատուկ Banks.am-ի համար

Դիտում՝ 2450
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW