Կառավարությունը փոխում է իր մոտեցումները ՓՄՁ-ների նկատմամբ

12.06.2014 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասել է, որ, տրամադրելով մի շարք արտոնություններ, կառավարությունը փոխում է իր մոտեցումները ՓՄՁ-ների նկատմամբ :

«Փոփոխությունները քննարկվել են բոլոր միությունների հետ, իրենց կողմից արված առաջարկություններն ընդունվել են: Իսկ մեր կողմից առաջարկվել է ստեղծել անհրաժեշտ խորհուրդ, որը կկարգավորի հարկային մարմնի հետ իրենց հարաբերությունները»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի երեկ կայացած նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է հարկային փոփոխությունները: Մասնավորապես, դրանց համաձայն, հոկտեմբերի 1-ից առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը կնվազի՝ 3,5%-ից հասնելով 1%-ի:

«Այս որոշմամբ մենք թեթեւացնում ենք հարկային բեռը: Մենք բազմաթիվ արտոնություններ ենք տրամադրում ՓՄՁ-ներին՝ փորձելով խոշոր ձեռնարկատերերին բերել հարկային դաշտ »,- այսօրվա նիստում ասել է վարչապետը՝ հավելելով, որ, նախնական հաշվարկներով, այս որոշումը կբերի բյուջեի եկամուտների 8 մլրդ նվազեցման:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր հերթին ասել է, որ օրինագծերի այս փաթեթը կքննարկվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում, որը կգումարվի հունիսի 18-ին:

Դիտում՝ 3741

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW