Հայտնի են «Երեւան. բիզնես-վազք 2014» մրցույթի հաղթողները

09.06.2014 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայտնի են դարձել «Երեւան. բիզնես-վազք 2014» մրցույթի հաղթողները. թիմային պայքարում հաղթել է «Երեւանի վազորդների ակումբը», իսկ անհատականում՝ Վահե Իվանյանը:

Ինչպես հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մասնակիցները մրցել են հետեւյալ վազքատարածություններում ու ձեւերում. թիմային փոխանցավազք՝ 10կմ վազքուղով (3 մասնակից՝ յուրաքանչյուր թիմում), անհատական վազք՝ 10 կմ: Հիմնական վազքուղին մեկնարկել է «Royal Tulip Yerevan» հյուրանոցից եւ Աբովյան փողոցով շարունակվել դեպի  Հանրապետության հրապարակ, այնուհետեւ՝ Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա եւ Սայաթ-Նովայի պողոտայով դեպի մեկնարկային կետ:

Թիմային 10 կմ փոխանցումավազքում հաղթել է «Երեւանի վազորդների ակումբը», որի անդամները պարգեւատրվել են մեդալներով, հատուկ ժամացույցներով, այլ մրցանակներով եւ տիրացել են նաեւ «Ավստրիական ավիաուղիների» սահմանած գլխավոր  մրցանակին: Թիմը սեպտեմբերի 4-ին կմասնակցի «Վիենա. բիզնես-վազք 2014»-ին: Երկրորդ տեղն է զբաղեցրել «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության թիմը, որի անդամները եւս պարգեւատրվել են մեդալներով ու նվերներով: Խրախուսվել են նաեւ 3-րդ տեղը զբաղեցրած «Եռամարտի ակումբ - Երեւան» թիմի անդամները:

10 կմ անհատական վազքատարածությունում լավագույնն է ճանաչվել երեւանցի Վահե Իվանյանը, երկրորդը եզրագիծը հատել է ճապոնացի Հիրոկի Կանդուն, երրորդ տեղը զբաղեցրել է Մամիկոն Թորոսյանը Երեւանից: Եռյակում տեղ գրաված մասնակիցները միջոցառման կազմակերպիչների կողմից արժանացել են մեդալների ու հատուկ մրցանակների: Վազքարշավին մասնակցել է 40 թիմ եւ 21 անհատ վազորդ:

Մրցույթի շրջանակներում անցկացվել է նաեւ մանկապատանեկան մրցավազք՝ 8-14 տարեկան երեխաների մասնակցությամբ: 8-14 տարեկան երեխաները՝ 1000մ վազքատարածությունում, Երեխաների մասնակցությունը եղել է անվճար:

Նշենք, որ «Երեւան. բիզնես-վազք 2014» մրցույթը կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանը, Austrian Airlines եւ «Օրանժ ֆիթնես» ընկերությունների հետ համատեղ, Royal Tulip Grand Hotel Yerevan եւ Best Western Congress հյուրանոցների աջակցությամբ: Արդեն 4-րդ տարին անցկացված ծրագրի հիմնական նպատակը մասնագիտական զբաղվածությանը զուգահեռ առողջ ապրելակերպի խթանումն է:

Դիտում՝ 3002
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW