Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալների համաձայն, հարկադիր աշխատանքի անօրինական օգտագործումից ստացված եկամուտներն ամբողջ աշխարհում գերազանցում են տարեկան $150 մլրդ-ը, ինչը եռակի ավել է, քան համարվում էր նախկինում: Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, ԱՄԿ-ի փորձագետները ժամանակակից աշխարհում հաշվարկել են շուրջ 21 մլն «ստրուկ»` մարդիկ, ովքեր հարկադրաբար զբաղվում են ինչ-որ աշխատանքով: Նրանցից շուրջ 4.5 մլն-ը (22%) սեքսուալ շահագործման զոհեր են, երեք անգամ ավել` 14.2 մլն մարդ (68%), աշխատում է գյուղատնտեսության, շինարարության, օգտակար հանածոների արդյունահանության ոլորտում, կամ որպես տան աշխատողներ: Եվս 2.2 մլն «ստրուկներն» այն բանտարկյալներ են, որոնք հարկադրվում են աշխատանքի բանտերի աշխատակազմի կողմից: ԱՄԿ-ի գնահատմամբ, ժամանակակից «գործատուների» շրջանում ամենամեծ եկամուտներն են ստանում սեքս-արդյունաբերության ներկայացուցիչները: Նրանք իրենց զոհերի վրա տարեկան վաստակում են շուրջ $99 մլրդ, որից $31,7 մլրդ-ը բաժին է ընկնում Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, եւս $26,2 մլրդ-ը` զարգացած երկրներին, այդ թվում նաեւ ԵՄ երկրներին: ԱՄԿ-ի հաշվարկներով, ժամանակակից «ստրուկների» թվում ավելի մեծ թիվ են կազմում կանայք, քան տղամարդիկ (55%` ընդդեմ 45%-ի), եւ ավելի շատ են չափահասները, քան երեխաները (74%` ընդդեմ 26%-ի): Tweet Դիտում՝ 3298