Երեւանում այսօր մեկնարկել է ներքին աուդիտորների միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել է Ներքին աուդիտորների հայաստանյան ինստիտուտը (ՆԱԻ):Երկօրյա կոնֆերանսի ընթացքում ավելի քան 184 մասնակիցներ 8 երկրներից հնարավորություն կունենան ունկնդրել զեկույցներ ներքին աուդիտի գործառույթի աճի մոդելների, ինտեգրացված հաշվետվություններում որակի գնահատման եւ բարելավման ծրագրերի անհրաժեշտության, ներքին աուդիտի դերի եւ դրա ճիշտ համադրության, ճիշտ աուդիտորական հաշվետվություն գրելու ձեւի, ներքին աուդիտի զարգացման միտումների եւ մարտահրավերների, ինչպես նաեւ հաղորդակցության հմտությունների վերաբերյալ: Ներքին աուդիտորների հայաստանյան ինստիտուտի նախագահ, ՀՀ ԿԲ գլխավոր վերստուգիչ Արա Չալաբյանի փոխանցմամբ, ՆԱԻ խնդիրն է կազմակերպել իր անդամների համար տարբեր միջոցառումներ, այդ թվում` նմանատիպ կոնֆերանսներ` ոլորտի լավագույն գիտելիքներն ու փորձը Հայաստան բերելու, աուդիտորներին փորձի եւ գիտելիքների փոխանակման հնարավորություն տալու համար:Արա Չալաբյանը նկատել է, որ, որպես կանոն, ներքին աուդիտը բարձրացնում է խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում. «Այն ծախսատար ոլորտ է, որի համար լավ մասնագետներ են անհրաժեշտ»,-ասել է նա:Մասնակիցները ներկայացնում են տարբեր կառույցներ. բանկեր, վարկային կազմակերպություններ, խորհրդատվական եւ աուդիտորական ընկերություններ, ուսումնական հաստատություններ, ՀԿ-ներ եւ այլն:Արա Չալաբյանը նշել է, որ, միջոցառման շրջանակներում, մայիսի 17-ին Երեւանում կկայանա նաեւ Ներքին աուդիտորների ինստիտուտի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գործընկեր կառույցների տարեկան հանդիպումը: Tweet Դիտում՝ 2261