Կոնվերս Բանկը միանում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի դրամահավաքին՝ Քեսաբի հայրենակիցներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ երկու ամսով երկու ընտանիք Լաթաքիայում կապահովվեն վարձով բնակարանով եւ սննդամթերքով: «Եթե նշյալ ժամանակահատվածում հակամարտության գոտում կրկին խաղաղություն չհաստատվի, Կոնվերս Բանկը կվերանայի ընտանիքների օժանդակության իր նախագիծը» ,- նշված է բանկի հաղորդագրության մեջ: Ջինիշյան հիշատակի հիմնադրամի նախաձեռնությանը կմիանան նաեւ Կոնվերս Բանկի աշխատակիցները: Յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն կունենա փոխանցում կատարել բանկի հատուկ հաշվեհամարին՝ քեսաբահայ հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Ողջ գումարը կփոխանցվի Ջինիշյան հիշատակի հիմնադրամին:«Կոնվերս Բանկն իր պարտքն է համարում աջակցություն ցուցաբերել ինչպես Լաթաքիայում ապաստան գտած քեսաբցի մեր հայրենակիցներին, այնպես էլ բոլոր նրանց, ով այս ծանր օրերին կբռնի պատմական հայրենիքի ճանապարհը: Մարդասիրական այս նախաձեռնությունն անչափ կարեւոր է բանկի համար: Այդ իսկ պատճառով ողջունում ենք Ջինիշյան հիշատակի հիմնադրամի՝ քեսաբահայերի օժանդակությանն ուղղված բոլոր քայլերը: Չափազանց կարեւոր է, որ կյանքի այս դժվար փուլում Սիրիայի հայերը զգան Հայաստանի աջակցությունը», - նշել է բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: Բոլոր հայրենակիցների համար, որոնք Սիրիայից կվերադառնա Հայաստան, Կոնվերս Բանկը մշակել է հատուկ «Բարի գալուստ» բանկային փաթեթը, որի շնորհիվ նրանց հնարավորություն կընձեռվի օգտվել բանկի զանազան պրոդուկտներից՝ արտոնյալ պայմաններով: «Մենք հավատում ենք, որ այս փաթեթի եւ մեր հմուտ անձնակազմի աշխատանքի շնորհիվ Հայաստանում հաստատվելու առաջին փուլերը կանցնեն ավելի հեշտ եւ հանգիստ», - նշել են բանկում: Tweet Դիտում՝ 2022