ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 10-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Հանդիպման ընթացքում վարչապետը նշել է, որ շահագրգռված է եւ մեծապես կարեւորում է ԱՄՀ-ի հետ սերտ համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը եւ ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր: Մարկ Հորթոնը մանրամասներ է ներկայացրել ԱՄՀ-ի կողմից Հայաստանի համար հաստատված եռամյա նոր ծրագրի վերաբերյալ: Կողմերը քննարկել են կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող հարցեր: Նրանք կարեւորել են բարեփոխումների իրականացումը՝ հաշվի առնելով նաեւ երկրում առկա ժողովրդագրական խնդիրները: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հնարավոր քայլերը: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ կառավարության նոր ծրագրին: Վարչապետը նշել է, որ այն լինելու է իրատեսական, ուղղվելու է հասարակության եւ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, ստվերի կրճատմանը, մենաշնորհների դեմ պայքարին, հարկային եւ մաքսային դաշտի բարելավմանը: Հստակ ծրագրեր են իրականացվելու նաեւ ներդրումների ներգրավման համար: Tweet Դիտում՝ 1417