ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նախօրեին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցիչներին, որոնց ներկայացվել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների ընթացքը: ԱԶԲ հայաստանյան ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը տեղեկացրել է, որ արդեն ավարտվում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում ազգային ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները, որը բանկն իրականացնում էր ՀՀ կառավարության առաջարկով: Համագործակցություն է ձեւավորվել նաեւ ոլորտում գործող մյուս կազմակերպությունների՝ KfW-ի, ՎԶԵԲ-ի հետ: Մասնավորապես, KfW-ի կողմից կատարվում են Վանաձոր, Սպիտակ եւ Դիլիջան քաղաքների կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման ծրագրերի իրագործելիության ուսումնասիրություններ: ՎԶԵԲ-ը նմանատիպ աշխատանքներ է իրականացրել Հրազդանի եւ Սեւանի տարածաշրջանների համար:«Աղբահանության խնդիրը մեզ համար օրակարգային հարց է դառնում՝ ոչ միայն բնակչության կենցաղի բարելավման, այլեւ զբոսաշրջության զարգացման, մեր երկրի ներդրումային գրավչության տեսակետից»,- ընդծել է փոխվարչապետը: Նա առաջարկել է կատարված ուսումնասիրությունների եւ ծրագրերի ֆինանսական գնահատականների ամբողջական փաթեթը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ մասնագիտական եզրակացություններ ստանալու համար: Արմեն Գեւորգյանը նշել է նաեւ, որ հարցը կքննարկվի կառավարությունում՝ հստակեցնելու համար ծրագրերի հնարավոր իրականացմանը պետության մասնակցության հարցը: Tweet Դիտում՝ 2287