Գ.Բեգլարյանն ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» ծրագիրը
06.05.2014 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ հանդիպել է Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչներին` Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի /CWTC/ տրանսպորտային վարչության տնօրեն Քսյաոհոնգ Յանգի գլխավորությամբ:
ԱԶԲ-ն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի $500 մլն-ի ֆինանսավորումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքը, դրա շրջանակներում կատարվող հողերի օտարման գործընթացը, ինչպես նաեւ հարավային հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանն ու նախնական նախագծերին առնչվող հարցերը:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարն ընդգծել է երրորդ տրանշի ֆինանսավորման արագացման կարեւորությունը:
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը որակով եւ ժամանակին ավարտին հասցնենք: Մենք պետք է խուսափենք նախկինում թույլ տված բոլոր սխալները կրկնելուց»,-ասաց նախարարը` նշելով, որ ԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ ծրագիրն ընթանում է բնականոն հունով եւ նկատվում է էական առաջընթաց:
Քսյաոհոնգ Յանգն ընդգծել է, որ իր նախորդ այցից հետո նկատվում են դրական տեղաշարժեր, աշխատանքներն արագացվել են:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, տրանշ 1-ում, որն ընդգրկում է Արտաշատ-Երեւան եւ Երեւան-Աշտարակ հատվածները, իրականացվել են ճանապարհի աջակողմյան մասի մոտ 30 կմ հատվածի ծածկի բետոնացման աշխատանքները: Վերջնական չեն ավարտվել կարերի իրականացումը եւ ստուգված ու հանված չէ մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշը: Ձմեռային դադարից հետո փետրվարի վերջին վերսկսվել են Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածի ծածկի բետոնապատման աշխատանքները, իսկ Երեւան-Աշտարակում բետոնի աշխատանքները վերսկսվել են մարտին:
Տրանշ 2-ում, որն ընդգրկում է Աշտարակ-Թալին հատվածները, 1-ին հատվածում չորս շինտեղամասերում մեկնարկել են հողային աշխատանքները: Կապալառուն շարունակում է մնացած ենթահատվածները հնագիտական գտածոներից մաքրելու աշխատանքները, որոնց մոտ 90%-ն ավարտվել է: Դեռ առկա են 10%-ի չափով չօտարված հողեր: Օտարման գործընթացը շարունակվում է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: