ԱՀԸ-ն ներկայացրել է իր նոր ծրագիրը

29.04.2014 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը (ԱՀԸ) Ֆրանսիական զարգացման գործակալության (ՖԶԳ) հետ համատեղ` Եվրոպական հանձնաժողովի Տարածաշրջանի ներդրումային հնարավորությունների եւ Գերմանիայի Զարգացման Բանկի (KfW) աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է  բնակարանային ֆինանսավորման սոցիալական եւ էներգաարդյունավետության բարելավմանն ուղված ծրագիր:

Ծրագրի նպատակն է 3000 ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքների հասանելի դարձնել բնակարանի վերանորոգման վարկեր, ինչպես նաեւ, հիմնվելով էներգախնայողության բարելավման միջազգային փորձի վրա, խթանել էներգախնայող տեխնոլոգիաների եւ սարքավորումների պահանջարկը:

2013-ի դեկտեմբերին Ազգային հիփոթեքային ընկերության եւ Ֆրանսիական զարգացման գործակալության միջեւ կնքված վարկային պայմանագրի համաձայն, ՖԶԳ-ն  ծրագրի իրականացման համար ԱՀԸ-ին կտրամադրի 10 մլն եվրոյի վարկային գիծ, որով ԱՀԸ-ն կվերաֆինանսավորի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերը: Վարկային գիծն ամբողջացվում է 1,5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհով, որը տեխնիկական աջակցության եւ վարկառուներին դրամաշնորհ տրամադրելու համար տրամադրել է ԵՄ-ն:

«Ծրագրի շահառուները կարող են լինել միջին եւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները` բացառությամբ Երեւանի Կենտրոն համայնքում գտնվող բնակարանատերերի: Հույս ունենք, որ ծրագիրն ավելի արդյունավետ կգործի Երեւանից դուրս: Վարկառուները կստանան մատչելի պայմաններով երկարաժամկետ վարկ` միաժամանակ հնարավորություն ունենալով դրամաշնորհ ստանալ, որով կմարվի վարկի մնացորդի մի մասը»,- ասել է ԱՀԸ գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը` նշելով, որ վարկավորման տոկոսադրույքը դեռեւս պարզ չէ:

Ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջինը նախատեսում է միկրովարկերի տրամադրում  500-ից մինչեւ 4000 եվրոյին համարժեք տրամ ծավալով,  որի դեպքում անշարժ գույքի գրավ չի պահանջվում: Վարկը տրամադրվելու է բնակարանային պայմանները բարելավելու համար առնվազն 5 տարի մարման ժամկետով եւ 1 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Մհեր Եդիգարյանի փոխանցմամբ, եթե վարկի գումարի 50%-ն ուղղվի բնակարանի էներգաարդյունավետության բարձրացմանը, ապա վարկի գումարի 10%-ի չափով կտրամադրվի դրամաշնորհ եւ դրանով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը:

Երկրորդը միջին գումարի վարկատեսակն է` 4001-10000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ  ծավալով: Էներգաարդյունավետությանն ուղղված վերանորոգման այս  վարկատեսակը կտրամադրվի 10 տարի մարման ժամկետով եւ 2 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Եթե վարկով ֆինանսավորված աշխատանքների շնորհիվ բնակարանի էներգաարդյունավետությունը բարձրանա 40%-ով, ապա վարկառուն վարկի 5%-ի չափով դրամաշնորհ կստանա:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նկատել է, որ ծրագիրը լուծում է  տնտեսության կայուն զարգացման խնդիրը` տալով դրա համար անհրաժեշտ գործիքներ. «Ծրագրի կարեւոր նախապայմանն էներգախնայողության համակարգն է, որը գործուն ազդեցություն պետք է ունենա ՀՀ սոցիալական զարգացման վրա»,- նշել է դեսպանը:

«ՀՀ Կենտրոնական բանկը մշտապես կարեւորել է հիփոթեկային վարկավորման ծրագրերի առկայությունը, որը բավական լուրջ խթան է տնտեսության զարգացման, սոցիալական կայունության եւ  բնապահպանական տեսանկյունից»,- ասել է ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը:

Գերմանական KFW բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանը կարեւորել է ծրագրում  ներքին եւ արտաքին ռիսկերի կառավարման գործիքների ներդրումը:

Խոսելով Հայաստանի հիփոթեքային պորտֆելի մասին` ԱՀԸ գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը նշել է, որ այն կազմում 163 մլրդ դրամ. «2013-ին աճի տեմպն եղել է մոտ 15%, մեզանում հիփոթեքային վարկերի պահանջարկ կա, որը գնալով աճում է»,- ասել է նա:

Դիտում՝ 3701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW