Այսօր Երեւանում կայացած մեկնարկային համաժողովի ընթացքում ներկայացվել է «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» եւ «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին եւ դրանց կարողությունների զարգացում» ծրագիրը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն» եւ «Սադախլո» անցակետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ: Ծրագիրը կարժենա 4,3 մլն եվրո եւ ուղղված կլինի միջազգային առեւտրի եւ տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաեւ մարդկանց միջսահմանային շարժի դյուրացմանը: «Ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ է հստակ իրավական դաշտ, ներգերատեսչական եւ միջգերատեսչական համագործակցության բարձր մակարդակ, ինչպես նաեւ սահմանի կառավարման ոլորտի մարմիններում թափանցիկություն եւ պատասխանատվության աստիճանի բարձրացում»,- ասել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն: «Վրաստանի կողմից ենթակառուցվածքները վերջերս են թարմացվել, ինչի շնորհիվ կիրականացվի միայն տեխնիկական միջոցների տրամադրում: Հայկական կողմից կբարելավվեն ենթակառուցվածքները եւ կտրամադրվեն տեխնիկական միջոցներ»,-նշել է ծրագրի Վրաստանի ղեկավար Նիկոլոս Սաֆարաձեն:«Նման նախաձեռնություններն օգտակար են Հարավային Կովկասի համար»,- հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան՝ կոչ անելով երկու երկրների սահմանի կառավարման ոլորտի մարմիններին շարունակել փոխգործակցությունը: Tweet Դիտում՝ 1162