Կանանց միջազգային օրվա նախօրեին Գրանթ Թորնթոնը նոր հետազոտություն է անցկացրել (IBR), համաձայն որի ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը աշխարհում դեռեւս փոքր է՝ 25%-ից պակաս: Հարցումները ցույց են տվել, որ շատերը կողմնակից են ղեկավար պաշտոններում կանանց թվի սահմանափակման մասին օրենքին, սակայն, միեւնույն ժամանակ, նաեւ որոշակի միջոցներ են ձեռնարկվում նրանց կարիերայի ճանապարհը դյուրին դարձնելու ուղղությամբ: 2014 թ-ի տվյալներով, աշխարհում ղեկավար պաշտոնների 24%-ը զբաղեցնում են կանայք: Այս նույն ցուցանիշն է գրանցվել 2013 թ-ին, 2009-ին եւ 2007 թ-ին եւ այն միայն 5%-ով է ավել 2004 թ-ին գրանցած 19% ցուցանիշից: IBR-ը նաեւ ցույց է տալիս, որ ղեկավար պաշտոններում կանանց թվի սահմանափակման կողմնակիցների թիվը ավելանում է: Համաշխարհային մասշտաբով գործարարների 45%-ը կցանկանար ղեկավար պաշտոններում ներգրավված կանանց թվի սահմանափակում տեսնել ցուցակված խոշոր ընկերություններում: Նրանց թիվը ավելացել է ի տարբերություն 2013 թ-ի, երբ այդ ցուցանիշը կազմում էր 37%: Ի հակադրություն գլոբալ զարգացումների, Հայաստանում ղեկավար պաշտոնների 35%-ը կանայք են զբաղեցնում, ինչը, ի տարբերություն նախորդ տարիների, ամենաբարձր ցուցանիշն է (2013 թ–ին՝ 23%, 2012 թ–ին՝ 27%): «Այսօր Հայաստանում, ի տարբերություն նախորդ տարիների, կանանց զբաղվածության մակարդակը զգալի բարձրացել է, ինչը, իհարկե, ոգեւորիչ է: Սակայն, կարծում եմ, նրանց ավելի շատ պետք է ներգրավել ղեկավար պաշտոններում, ինչը կօգնի ապահովել բազմակարծություն ընկերություններում: Մեր կազմակերպությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց 44%-ը կանայք են, ինչը ցույց է տալիս, որ նրանք կարեւոր դեր են խաղում մեր կազմակերպության ղեկավարման հարցում»,- նշել է Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը: Նրա փոխանցմամբ, այս տարվա կտրվածքով ԲՈՒՀ-երի կին շրջանավարտերի միայն 21%-ն է անցնում աշխատանքի միջին ձեռնարկություններում: «Գործարարները պետք է աշխատանքի ընդունեն ավելի շատ կին շրջանավարտների: Դա կօգնի նվազեցնել գործատուի կողմից կողմնակալության դրսեւորումները տղամարդկանց աշխատանքի ընդունման եւ առաջխաղացման հարցում, ինչը բազմակարծության ապահովման բանալին է», - կարծում է Գագիկ Գյուլբուդաղյանը: Tweet Դիտում՝ 4645