Սոֆի Սիրտենը CGAP-ի գործադիր տնօրենն է: Բուլե Գոսլարը CGAP-ի գործադիր կոմիտեի նախագահն է եւ Lula-ի տնօրենների խորհրդի նախագահը:Վերջին հինգ տասնամյակների ընթացքում միկրոֆինանսավորումը վերածվել է 1.5 տրիլիոն դոլար արժողությամբ համաշխարհային ոլորտի՝ հասնելով հարյուր միլիոնավոր տնային տնտեսությունների, որոնց ավանդական բանկերը երբեք չեն սպասարկել եւ, հավանաբար, երբեք չեն սպասարկի: Այն հնարավորություն է տվել աշխարհի տարբեր երկրներում բանկային ծառայություններից զուրկ մարդկանց բիզնես սկսել, կուտակել ակտիվներ, ապահովել, որ երեխաները դպրոց հաճախեն եւ դիմակայել այնպիսի ցնցումներին, որոնք հակառակ դեպքում կարող էին կործանարար լինել:Այնուամենայնիվ, միկրոֆինանսավորումը նաեւ արժանացել է կոշտ քննադատության: Որոշ շուկաներում ոլորտը ավելի արագ է զարգացել, քան սպառողների պաշտպանության համակարգը, ինչի հետեւանքով մարդիկ չափից շատ պարտքեր են կուտակել, իսկ վարկատուները իրենց առեւտրային շահերը վեր են դասել հաճախորդների բարեկեցությունից:Այս մտահոգություններին պետք է լուրջ վերաբերվել։ Ցանկացած ոլորտ, որը սպասարկում է միլիոնավոր մարդկանց՝ սպառողական ապրանքներից մինչեւ շինարարություն եւ արտադրություն, ստիպված է եղել լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են վատ կառավարումը, անբարեխիղճ դերակատարները, վնասակար գործելակերպը՝ խստացնելով վերահսկողությունն ու բարձրացնելով չափանիշները։ Միկրոֆինանսավորման ոլորտը եւս բացառություն չէ։Այնուամենայնիվ, չափազանց երկար ժամանակ ոլորտը կենտրոնացել է սխալ հարցի վրա. տալի՞ս է արդյոք միկրոֆինանսավորումը ակնկալվող արդյունքները։ Տասնամյակներ շարունակ իրականացված ռանդոմիզացված վերահսկվող հետազոտությունները, որոնց արդյունքները հաճախ ընկալվել են որպես վերջնական «այո» կամ «ոչ» պատասխաններ, ավելի են ամրապնդել այս խորապես մոլորեցնող հարցադրումը։ Հարցնել, թե արդյոք միկրոֆինանսավորումն արդյունավետ է, նույնն է, ինչ հարցնել, թե արդյոք որեւէ դեղամիջոց օգնում է առանց նշելու հիվանդին, դեղաչափը կամ հիվանդությունը, որը պետք է բուժել։CGAP ներառական ֆինանսական նորարարությունների լաբորատորիայի (որի գործադիր տնօրենը մեզանից մեկն է) կողմից վերջերս կատարված վերլուծությունը թույլ է տալիս շարունակել այս թեմայի քննարկումը: Հիմնվելով ավելի քան 400 ազդեցության ուսումնասիրությունների վրա՝ այն միկրոֆինանսավորման արդյունավետության մասին պարզ հարցը փոխարինում է ավելի օգտակար հարցադրումներով՝ ե՞րբ է վարկը հնարավորություններ ստեղծում, ե՞րբ է այն ամրապնդում դիմակայունությունը, ե՞րբ է այն ավելի վատթարացնում մարդկանց վիճակը, ինչո՞ւ են վարկառուների եւ շուկաների միջեւ արդյունքներն այդքան կտրուկ տարբերվում: Լուսանկարը՝ REUTERS Այս հարցերը կարող են միկրոֆինանսական կազմակերպություններին, ինչպես նաեւ ներդրողներին, դոնորներին եւ դրանք ֆինանսավորող կապիտալի շուկաներին ապահովել որոշումների կայացման ավելի ամուր հիմքով։ Այն պայմանների բացահայտումը, որոնց դեպքում միկրովարկերը ստեղծում են արժեք կամ վնաս են պատճառում, կարող է հանգեցնել ներդրումային ռազմավարությունների բարելավման, ավելի արդյունավետ կարգավորման եւ, ի վերջո, ավելի բարենպաստ արդյունքների այն մարդկանց համար, որոնց այն կոչված է ծառայելու: Վերլուծությունը բացահայտում է հինգ գործոն, որոնք մեծապես որոշում են՝ արդյոք վարկը օգնում է, թե վնասում, մասնավորապես՝ ով է ստանում վարկը, ինչպես է այն նախագծված, ինչի համար է այն օգտագործվում, որտեղ է այն տրամադրվում եւ երբ է այն հասանելի դառնում։Միկրովարկերը, որպես կանոն, առավել արդյունավետ են, երբ վարկառուները արդեն ունեն որոշակի բիզնես փորձ եւ վերահսկում են միջոցների օգտագործումը: Դրանք նաեւ ավելի արդյունավետ են, երբ մարման ժամանակացույցը համապատասխանում է տնային տնտեսությունների դրամական հոսքերին՝ պահանջկոտ եւ կոշտ շաբաթական վճարումների փոխարեն, ինչպես նաեւ երբ վարկերը ֆինանսավորում են ներդրումներ, որոնք ժամանակի ընթացքում ապահովում են կայուն եկամուտներ։Վառ օրինակ են «վճարիր ըստ օգտագործման» սկզբունքով արեւային համակարգերը: Այն տնային տնտեսությունները, որոնք չեն կարող իրենց թույլ տալ մեծ նախնական ծախսեր, հաճախ կարող են կատարել փոքր ամսական վճարումներ, որոնք ավելի ցածր են, քան նախկինում կերոսինի վրա կատարած ծախսերը: Այս դեպքում միկրովարկը ֆինանսավորում է այնպիսի ներդրում, որն արագորեն հետ է բերում կատարված ծախսերը։Միկրովարկը կարող է նույնքան կարեւոր դեր խաղալ դիմակայունության ամրապնդման գործում, սակայն դրա օգուտները հաճախ թերագնահատվում են ռանդոմիզացված հետազոտություններում, որոնք կենտրոնանում են եկամտի կամ սպառման կարճաժամկետ փոփոխությունների վրա: Այն ընտանիքը, որը ֆինանսավորումն օգտագործում է արտադրական ակտիվ ձեռք բերելու համար՝ արեւային վահանակ, ջրի պոմպ կամ եկամուտ ստեղծող սարքավորումներ, հաճախ ավելի լավ է պատրաստված դիմակայելու վատ բերքին, բժշկական արտակարգ իրավիճակներին կամ տնտեսական ցնցումներին: Չնայած այս բուֆերային էֆեկտը կարող է չարտացոլվել 18 ամսվա ուսումնասիրության մեջ, այն իրական է եւ լավ փաստաթղթավորված։Ձեռնարկությունների աճի վերաբերյալ տվյալները նույնքան հուսադրող են: Գործող բիզնեսի սեփականատերերի համար լավ կառուցվածքային վարկերի հասանելիությունը հետեւողականորեն կապված է ավելի բարձր շահույթի, ավելի մեծ ներդրումների եւ ընդլայնման հետ: Մեխանիզմը պարզ է. վարկը գործում է որպես լծակ՝ թույլ տալով այն ձեռնարկատերերին, որոնք արդեն ունեն հաճախորդներ, հմտություններ եւ կենսունակ հնարավորություններ, ներդրումներ կատարել եւ ավելի արագ զարգանալ:Կանանց տնտեսական հզորացումը եւս մեկ փայլուն օրինակ է, թե ինչպես նույն վարկը կարող է բոլորովին տարբեր արդյունքներ ունենալ: Ամբողջ աշխարհում միկրոֆինանսավորման վարկառուների մեծամասնությունը կանայք են, եւ երբ նրանք վերահսկում են վարկերի օգտագործումը, օգուտները հաճախ տարածվում են ամբողջ ընտանիքի վրա՝ հանգեցնելով երեխաների առողջության եւ կրթության վրա ծախսերի աճին, ավելի բազմազան եկամտի աղբյուրների եւ ավելի բարձր ֆինանսական անվտանգության։ Լուսանկարը՝ REUTERS Սակայն կնոջ անունով տրված, բայց ուրիշ անձի, օրինակ՝ ամուսնու կամ տղամարդ ազգականի կողմից վերահսկվող վարկը կարող է նրան թողնել այդ վարկը մարելու պարտավորության առջեւ՝ առանց որեւէ հնարավորության վերահսկելու, թե ինչպես է օգտագործվում գումարը: Հետեւաբար, որպեսզի վարկավորումը վերածվի կանանց իրական տնտեսական հզորացման գործիքի, էական նշանակություն ունի ուղղակի միջոցների փոխանցումը կանանց կողմից վերահսկվող հաշիվներին, գործարքների գաղտնիությունը, եւ այնպիսի վարկային պրոդուկտներ, որոնք արտացոլում են, թե ինչպես են կանայք իրականում աշխատում եւ որոշումներ կայացնում։Ծառայություններ մատուցողների եւ ներդրողների համար գործնական հետեւանքները հստակ են։ Վարկառուների տվյալ պահին ունեցած մարման կարողության վրա կենտրոնանալու փոխարեն նրանք պետք է գնահատեն այն հնարավորությունների կենսունակությունը, որոնցից վարկառուները մտադիր են օգտվել եւ մշակեն այնպիսի ֆինանսական պրոդուկտներ, որոնք համապատասխանում են մարդկանց եկամուտ ստանալու եւ ներդրումներ կատարելու եղանակներին։Իհարկե, պատասխանատվությունը միայն ծառայություններ մատուցողների վրա չի դրվում։ Կարգավորող մարմինները նույնպես կարեւոր դեր են խաղում պատասխանատու վարկավորման լայնածավալ խթանման գործում, մինչդեռ գնահատողները պետք է միկրովարկավորման ազդեցությունը գնահատեն բավականաչափ երկար ժամանակահատվածում, որպեսզի դրա ամբողջական ազդեցությունը ակնհայտ դառնա։Միկրոֆինանսավորման առավելությունների եւ սահմանափակումների շուրջ բանավեճը ստվերի տակ է թողել մի կարեւոր փաստ։ Միկրովարկն ինքնին ո՛չ լավ է, ո՛չ վատ. դրա ազդեցությունը կախված է նրանից, թե ինչպես է այն մշակվում, տրամադրվում եւ կարգավորվում։ Եվ նույնիսկ այդ դեպքում, վարկը մարդկանց անհրաժեշտ ֆինանսական գործիքակազմի միայն մի մասն է՝ ապահովագրության, խնայողությունների եւ վճարումների հետ մեկտեղ։Հետեւաբար, պատասխանատվությունը կրում են բոլոր մասնակիցները՝ վարկ տրամադրող հաստատություններից եւ այն ֆինանսավորող ներդրողներից ու դոնորներից մինչեւ այդ գործընթացը վերահսկող կառավարությունները։Լուծված հարցերին կրկին վերադառնալու փոխարեն պետք է կենտրոնանալ միկրովարկերից կախված հարյուր միլիոնավոր մարդկանց վրա։ Այսօր մենք շատ ավելի հստակ ենք հասկանում, թե ինչն է տարբերակում հաջողությունը ձախողումից, քան մեկ սերունդ առաջ։ Խնդիրն այդ գիտելիքները գործնականում կիրառելն է։Թարգմանությունը՝ Լիլիթ ԽաչատրյանիԱյս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է«Յունիբանկի» գործընկերությամբ: Յունիբանկը հայտնել է, որ 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը:Copyright: Project Syndicate, 2026.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 926