Կանադայի Տորոնտո քաղաքում գործող Cundari Group ընկերությունը հայտարարել է, որ Նյու Յորքի GK Brand գործակալության հետ համատեղ հաղթել է Հայաստանի բրենդի զարգացման ծրագրի մրցույթում: Այս մասին գրել է կանադական The Globe and Mail առցանց պարբերականը: Հաղորդվում է, որ Cundari Group ընկերության թիմը մի քանի շաբաթից այցելելու է Հայաստան՝ սկսելով երկրի բրենդի ռազմավարության զարգացման քաղաքականությունը: «Մենք գիտակցում ենք, որ երկրի, պետության բրենդավորումը խիստ տարբերվում է ապրանքի կամ ծառայության բրենդավորումից: Պետք է հաշվի առնել ոչ միայն տվյալ վայրում բնակվողների, այլեւ բիզնեսի, պոտենցիալ այցելուների եւ ներդրողների հեռանկարը» - նշել է Cundari Group-ի վաճառքի եւ մարքեթինգի հարցերով ավագ փոխտնօրեն Քելլի Ֆրանսիսը: Նշվում է, որ թիմը ձեւավորելու է Հայաստանի նոր տուրիստական լոգոն, ինչպես նաեւ մշակելու է արտաքին ներդրողներին հրապուրող ռազմավարություն ու վերանայելու է Հայաստանի աճող տուրիստական արդյունաբերությունը: Հոդվածի հեղինակ Սյուզան Կրաշինսկին նշում է, որ այսօր Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են, ովքեր նախընտրում են այցի ընթացքում մնալ իրենց ընտանիքների կամ հարազատների բնակարաններում ու շատ գումար չծախսել: Նա նկատում է, որ 2013 թ-ի առաջին քառորդում Հայաստան այցելած զբոսաշրջիկների միայն 16 տոկոսն է մնացել հյուրանոցներում, մյուսները գերադասել են հարազատների կամ վարձով տրվող բնարակաները: Նշվում է, որ գովազդային արշավի գլխավոր նպատակն է գրավել ավելի եկամտաբեր արտասահմանցի զբոսաշրջիկների: Գլխավոր թիրախ են լինելու Ռուսաստանը, Վրաստանը եւ Իրանը, աշխատանքներ են տարվելու նաեւ Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Հեղինակը եզրակացնում է, որ ծովի բացակայության պայմաններում Հայաստանը կարող է հետաքրքրել պատմությամբ եւ մշակույթով հետաքրքրված զբոսաշրջիկներին, որպես օրինակ բերելով 1000-ամյա հնություն ունեցող Տաթեւի վանքի վերանորոգումը: Նշենք, որ Cundari Group ընկերությունը 2008 թ-ին իրականացրել է Վաշինգթոնի նոր բրենդային քաղաքականությունը, ինչպես նաեւ մի շարք նմանատիպ այլ նախագծեր Կանադայում: Այնուամենայնիվ, նշվում է, որ աշխարհագրական տեսանկյունից Հայաստանն ընկերության գործունեության ամենահեռավոր կետն է: Tweet Դիտում՝ 1695