Կառավարությունն այսօր քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը:Նախագծով առաջարկվում է գործող օրենքի դրույթները տարածել նաեւ իրավաբանական անձանց վրա:Գործադիրն ընդհանուր առմամբ դեմ չի արտահայտվել առաջարկությանը, «հատկապես որ միջազգային պրակտիկայում համանման փորձ արդեն կա»: Սակայն, նկատի առնելով եզրակացության մեջ շարադրված հանգամանքները, հեղինակին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ շահագրգիռ շրջանակներում քննարկելուց հետո`ելնելով դրա արդյունքներից:Վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով, անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ, հետո որոշում ընդունել, «քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է`առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի»: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է քննարկումներ կազմակերպել առեւտրային բանկերի եւ ձեռնարկությունների հետ, որից հետո միայն օրենսդրական փոփոխությունը ներկայացնել ԱԺ, «չնայած նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»: Tweet Դիտում՝ 1842