GK Brand ընկերության գլխավոր տնօրեն Վազգեն Քալաջյանն այսօր ասել է, որ Հայաստանի ազգային բրենդը պետք է մշակվի երկրի ապագայի տեսլականի հիման վրա: Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը փաստաթուղթ ստորագրեց ամերիկյան GK Brand ընկերության հետ Հայաստանի ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ: Ամերիկյան ընկերությունը հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում պետք է ներկայացնի երկրի բրենդավորման մրցունակ ռազմավարությունը: Այսօր Վազգեն Քալաջյանը լրագրողներին ներկայացրել է ազգային բրենդի մշակման մեթոդաբանությունը: «Բրենդի մշակման համար կարեւոր է հասկանալ, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ապագան եւ ինչպես են այսօր մարդիկ ընկալում Հայաստանը: Ապագայի տեսլականի հիման վրա էլ պետք է մշակվի երկրի ազգային բրենդը»,- ասել է ընկերության գլխավոր տնօրենը: Նրա խոսքերով, Հայաստանը բրենդավորման համաշխարհային ինդեքսում այժմ զբաղեցնում է 137-րդ հորիզոնականը, մինչդեռ այս ցուցանիշի բարելավումը էական ազդեցություն կարող է ունենալ երկրի զարգացման հետագա ընթացքի վրա: «Բրենդավորման ինդեքսում առաջատար լինելու համար պարտադիր չէ, որպեսզի պետությունը տարածքով մեծ լինի, ունենա նավթամթերքի պաշարներ կամ նավահանգիստներ: Հայաստանն ունի հարուստ պատմական եւ մշակութային ժառանգություն, եւ մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին մշակութային իր հարստությունը աշխարհին փոխանցելու, տնտեսական ներուժը խթանելու, երկրի հեղինակությունը տարածաշրջանում եւ աշխարհում բարձրացնելու գործում»,- ասել է Վազգեն Քալաջյանը: Ընկերության ղեկավարի խոսքերով, բրենդի մշակումը եւ առաջխաղացումը երկարատեւ գործընթաց է, որի շրջանակներում իրականացվում է մարդկանց կողմից երկրի ընկալման վերաբերյալ խորքային հետազոտություն: Այս հետազոտության մեջ, ըստ Քալաջյանի, ընդգրկվելու են հասարակության բոլոր շերտերը` գործարարներ, ուսուցիչներ, մտավորականներ: «Պետք է հասկանանք մարդկանց պատկերացումներն այն մասին, թե ինչպես պետք է Հայաստանը ներկայանա աշխարհին»,- նկատել է GK Brand ընկերության տնօրենը:GK Brand ընկերությունը հիմնադրվել է 1980 թ. ԱՄՆ-ում: Ընկերությունը մշակել եւ զարգացրել է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ, գրասենյակներ ունի 25 երկրներում: Tweet Դիտում՝ 7373