ԿԲ պարզաբանումը կուտակային կենսաթոշակների մասին

07.02.2014 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կենտրոնական բանկն այսօր հանդես է եկել հաղորդագրությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
 
«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ աշխատակարգային որոշման ընդունումից հետո կենտրոնական բանկ են ներկայացվել վերը նշված որոշման կատարումն ապահովելու եւ վիճարկվող դրույթների կասեցումից բխող գործողություններ ձեռնարկելու պահանջներով բազմաթիվ գրություններ: Ստեղծված պայմաններում կենտրոնական բանկը անհրաժեշտ է համարում անդրադառնալ մտահոգությունների եւ տարակարծությունների տեղիք տվող խնդիրներին:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ի աշխատակարգային որոշմամբ կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը, ինչպես նաեւ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից մինչեւ սույն թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդ եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընտրելու պարտավորությանը վերաբերող դրույթները: Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն եւ հիշեցնում, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռեւս վիճարկման փուլում է: Ուստի կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետեւանքները, թերեւս, ավելի ծանր կլինեն եւ կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը:

Հայտնում ենք նաեւ, որ օրենքի կասեցված դրույթների կիրարկումն ապահովող կենտրոնական բանկի ակտերը չեն խոչընդոտում ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կատարմանը, ուստի կենտրոնական բանկը վիճարկվող դրույթների կասեցումից բխող միջոցառումներ ձեռնարկելու խնդիր ներկա փուլում չունի:

Միեւնույն ժամանակ, կենտրոնական բանկն իր պատրաստակամությունն է հայտնում իր լիազորությունների շրջանակում աջակցել կուտակային բաղադրիչի մասնակիցներին իրազեկելու եւ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու հարցում»:

Դիտում՝ 2656
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW