Ապրանքների դրոշմապիտակավորմամբ կառավարությունը փորձում է պայքարել ստվերի դեմ

23.01.2014 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, փոփոխությունների համաձայն, այսուհետ պարտադիր դրոշմապիտակներ փակցվելու են ոչ միայն ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների, այլեւ բոլոր տեսակի փաթեթավորված ապրանքների վրա:

Ներկայացնելով նախագիծը` ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասել է, որ այն ուղղված է տնտեսության մեջ որոշ ապրանքների շրջանառության իրական ծավալներն արձանագրելուն, ստվերային տնտեսության դեմ պայքարին ու հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը:

Նախարարը հիշեցրել է, որ 2012 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների եւ ջրերի մասով դրոշմապիտակներով հաշվառման համակարգի ներդրումը նպաստել է այդ ապրանքատեսակների արտադրության եւ իրացման շրջանառության իրական ծավալների բացահայտմանը, ստվերի կրճատմանը, հետեւաբար` նաեւ պետական բյուջեի եկամուտների աճին:

Այսպես, 2013թ. 3-րդ եռամսյակում 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ գարեջրի արտադրության քանակն ավելացել է 4,9 մլն. լիտրով կամ 232,3%-ով, բնական հյութերի եւ ըմպելիքների արտադրության քանակը՝ 2,1 մլն. լիտրով կամ 162,1%-ով:
Իսկ նշված ապրանքներ արտադրողներից եւ ներմուծողներից հարկային մուտքերը 2013 թվականի 3-րդ եռամսյակում 2-րդ եռամսյակի համեմատ աճել են 1065,0 մլն. դրամով կամ 145%-ով:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ ապրանքների դրոշմապիտակավորման գործիքն ամենաարդյունավետն է ստվերայնությունը նվազեցնելու համար: Նա փաստել է, որ այն շոշափելի արդյունք է բերում:

Դիտում՝ 1544
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW