Ֆիննախը պատասխանել է ՊԵԿ-ի քննադատությանը

20.01.2014 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է ս.թ. հունվարի 18-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման եւ վճարման գործընթացներում արձանագրված խախտումների կապակցությամբ տարածած պարզաբանմանը:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, «ՊԵԿ-ի պարզաբանման մեջ ներկայացված փաստերը եւ արված հարցադրումները չեն արտացոլում ողջ իրականությունը»:  Իրավիճակը հստակեցնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես նշված է.

«Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ բյուլետենի գումարը, վճարում է ՀՀ  սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ ՊԵԿ-ի ներկայացրած վճարման պահանջի հիման վրա։ Վճարման այդ պահանջը ՊԵԿ-ը ձեւավորում է տնտեսվարող սուբյեկտների կողմից ՊԵԿ-ին ներկայացված հաշվետվությունների հիման վրա։ Ընդ որում, աշխատողի ժամանակավոր անաշխատունակության երկորդից չորրորդ օրերը բյուլետենի գումարը վճարում է գործատուն, իսկ հինգերորդ օրվանից սկսած՝ պետությունը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաեւ գործատուների միջոցների հաշվին վճարման ենթակա գումարները: Արդյունքում՝ 2013թ. հունվար–հունիս ամիսների համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Սոցիալական ապահովության պետական ծառայությանը ներկայացված վճարման պահանջները բերել են պետական բյուջեից լրացուցիչ փոխհատուցման ու վճարման ոչ ենթակա 584.7 մլն դրամ ծախսերի իրականացմանը»,- նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:

Ավելին` մինչեւ ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրությունների ավարտը ՊԵԿ-ը ներկայացրել է եւս շուրջ 500 մլն դրամ փոխհատուցման ոչ ենթակա գումարի պահանջ։ Այսինքն, ուսումնասիրության արդյունքներով, միայն 2013թ. կտրվածքով արձանագրվել է պետական բյուջեից չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի ծախս առաջացնող պահանջ»,- նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, հայտարարության մեջ ընդգծվում է.

«Այո, ՊԵԿ-ի հետաքննության վարչությունը անհատ ձեռներեցների շրջանակում բացահայտել էր վերը նշված դեպքերի նման փաստեր եւ իրականացրել էր հետաքննություն, որի արդյունքներով մինչ օրս վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 87 մլն դրամի վնաս։ Փաստորեն, իրականացրած այս աշխատանքները բավարար չէին, որպեսզի ՊԵԿ-ը չներկայացներ պետական բյուջեի հաշվին չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի վճարման պահանջ։

Արդյո՞ք ՊԵԿ-ը ուներ հնարավորություն իր լիազորությունների շրջանակներում արձանագրել տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամի չհիմնավորված գումարներ ստանալու այս փորձը։ Հարցի պատասխանն ստանալու համար բավարար է նշել, որ վերը նշված խախտումները ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը բացահայտել էր հենց ՊԵԿ-ում իրականացված ուսումնասիորությունների ընթացքում, բացառապես ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա՝ անգամ առանց տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու։

Ցանկանում ենք նաեւ նշել, որ պետական բյուջեի գումարները հիմնավորված եւ արդյունավետ ծախսելը միայն ֆինանսների նախարարության գործառույթը չէ, այլեւ՝ պետական ցանկացած մարմնի։

Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվում են անտեղի արդարացումներ»:

Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը ամփոփել էր  2013թ. ընթացքում նախարարությունների եւ դրանց ենթակա կազմակերպությունների գծով ստուգումների արդյունքները:  Նախարարությունը խախտումներ էր արձանագրել նաեւ Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունում:

Դիտում՝ 2246
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW