ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 17-ին կառավարությունում տեղի է ունեցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Ինչպես եւ նախորդ նիստում, այս անգամ եւս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Դիմելով նիստին մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային ուսումնասիրությունների խստացմամբ շրջանառության հարկի 3,5 տոկոսը մինչեւ 1 տոկոս նվազեցնելն է` ապահովելով նաեւ բոլոր գործարքների փաստաթղթավորումը: «Տիգրան Սարգսյանը զարմանք եւ տարակուսանք է հայտնել, որ շատ ՓՄՁ-ներ դեմ են այդ առաջարկին: Այս դեպքում խնդիրը պետք է փնտրել ոչ միայն վատ վարչարարության, այլեւ թե ՓՄՁ-ների ստվերային գործունեության, եւ թե խոշոր բիզնեսի ստվերային հոսքերի շրջանառության ապահովման մեջ», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:Այնուհետեւ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են հնչեցրել քննարկվող խնդրի առնչությամբ: Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ներկաներին եւս մեկ անգամ քննարկել ներկայացված առաջարկությունները եւ հարցը կրկին ներկայացնել հաջորդ նիստում: Tweet Դիտում՝ 1862