Նախորդ տարեվերջին սպառողներին ուշադրությունը գրավեց «Սթար» առեւտրային ցանցի նախկին մասնաճյուղերում բացված «Կրպակ» խանութների ցանցը: Լուրեր պտտվեցին, թե «Կրպակ»-ը պատկանում է սնանկ ճանաչված «Սթար»-ի սեփականատիրոջը: Banks.am-ը փորձել է պարզել` ի՞նչ կապ կա ներկա եւ նախկին առեւտրային ցանցերի միջեւ: «Սթար» առեւտրային ցանցի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի նախկին պատասխանատու Լիդա Քոչարյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշեց, որ «Սթար»-ի գրասենյակը փակվել է, իսկ ««Կրպակ»-ի եւ «Սթար»-ի սեփականատերերի միմյանց հետ կապ ունենալ-չունենալու վերաբերյալ տեղեկությանը չի տիրապետում»:Սնանկ ու նորաբաց խանութների ցանցի հնարավոր կապի մասին տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ «Կրպակ»-ից: Խանութի Թումանյան 20 հասցեում գտնվող մասնաճյուղի մենեջերը մեզ հետ զրույցում ասաց, որ «Սթար»-ի հետ որեւէ կապ չունեն, սակայն հրաժարվեց տրամադրել նորաբաց խանութների ցանցի տնօրինության կամ մեկ այլ պատասխանատուի հեռախոսահամար` ասելով, որ «դա կարող ենք գտնել իրենց կայքում, որը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում»: Ֆեյսբուք ցանցում գործող «Կրպակ»-ի պաշտոնական էջում եւս որեւէ կոնտակտային տվյալներ գտնել հնարավոր չեղավ: Էջին գրված մեր նամակն անպատասխան մնաց: «Սփյուռ» եւ «Արեգ» տեղեկատվական համակարգերից մեզ հայտնեցին, որ տիրապետում են միայն խանութների հասցեների վերաբերյալ տվյալներին: Ի դեպ, խանութների ցանցի Ֆեյսբուքի պաշտոնական էջի համաձայն, ներկայումս գործում է «Կրպակ»-ի 8 մասնաճյուղ Երեւան քաղաքում, եւ մեկը` Հրազդանում: Երեւանում գործող 8 մասնաճյուղերը տեղակայված են «Սթար»-ի նախկին խանութների տարածքում: Այս հանգամանքը, բնականաբար, որոշակի առավելություն է տալիս «Կրպակ»-ին. դրանով լուծվում է նորաբաց խանութի հաճախորդներին ներգրավելու խնդիրը: Միայն թե հարց է առաջանում` ինչո՞ւ է «Կրպակ»-ը խուսափում առավել բաց ներկայանալ հանրությանը: Կարծում ենք, նորաբաց խանութների ցանցը առաջին հերթին ինքը պետք է շահագրգռված լինի ներկայանալ սպառողներին որպես բաց ու թափանցիկ ծառայություն մատուցող ընկերություն, ինչի հնարավորությունը Banks.am-ը պատրաստ է տրամադրել:Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 11616