Անկախ խնդիրների բազմազանությունից եւ այն հանգամանքից, որ 2014 թվական ենք մուտք գործում հարցականների մեծ բեռով, ցանկանում ենք Ձեզ փոխանցել լավատեսության մեր համեստ մասնաբաժինը: Լավատես ենք, քանի որ գտնում ենք, որ մեծ խնդիրները՝ փոքր խնդիրների հանրագումարն են, իսկ վերջիններիս լուծումը յուրաքանչյուրիս ձեռքում է: Անցնող տարում Banks.am-ը շարունակեց զուտ բանկային եւ ֆինանսական պորտալից գործարար կյանքը լուսաբանող հարթակի ձեւափոխվելու իր ջանքերը: Այս գործընթացը եւս ապացուցեց, որ մեր լավատեսությունը հիմքեր ունի. Հայաստանում կան ու շարունակում են հիմնվել բիզնես-կառույցներ, որոնց մասնագիտական կարողությունները եւ համառությունը ի վերջո ուղղվում են մեծ խնդիրների լուծմանը: Հուսադրող է, որ դրանց թվում քիչ չեն երիտասարդները:Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում միշտ եղել է եւ կմնա Հայաստանի ֆինանսական շուկան, մասնավորապես, բանկային համակարգը: Օգտվելով հնարավորությունից, չենք կարող չուղղել բանկիրներին մեր անկեղծ հորդորը՝ հնարավորինս աջակցել սկսնակ գործարարներին, որքան էլ որ առաջին հայացքից «խենթ» չթվան նրանց գաղափարները: Եվ, ի վերջո, մեր լավատեսությունն ամրապնդում է միջազգային որակի կրթական օջախների մուտքը Հայաստան, ինչը մեր երկրի մրցունակ լինելու գլխավոր գրավականն է: Հարգելի ընթերցողներ եւ գործընկերներ.Մեդիամաքս-ի եւ Banks.am պորտալի անունից շնորհավորում ենք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Եղեք առողջ, ստեղծարար եւ լավատես: P.S. «Մարդը պետք է միշտ լավն ասի, ձգողականության օրենքի համաձայն ամեն մարդ դեպի իրեն է ձգում այն, ինչ ասում, մտածում ու ցանկանում է: Կարեւորում եմ նաեւ երազանքներ ունենալն ու դրանց ձգտելը: Պետք է մտքում գծել երազանքին հասնելու ճանապարհն ու առաջ գնալ…», - Գրանթ Թորնթոնի տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանի Banks.am-ին տված հարցազրույցից: Tweet Դիտում՝ 2772