Մինչ պաշտոնապես կհրապարակվի 2013-ին ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը, Մեդիամաքս-ի թղթակիցը փորձել է իմի բերել անցնող տարվա համար ՀՀ-ում ՀՆԱ աճի վերաբերյալ միջազգային եւ տեղական ֆինանսական կառույցների սպասումները:Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, 2013-ին Հայաստանում ՀՆԱ աճի ցուցանիշը կկազմի 5.1%: Համաշխարհային բանկի կանխատեսումներով, այն կտատանվի 3-4%-ի սահմաններում: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կարծիք է հայտնել, որ ՀՆԱ աճը Հայաստանում կկազմի ընդամենը 2%: Տարեսկզբին կառավարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարություն էր ստացել ապահովել 7%-անոց ՀՆԱ աճ: 2014 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծից, սակայն, ակնհայտ է դառնում, որ կառավարությունն այլ կանխատեսումներ ունի: Վերոնշյալ փաստաթղթի «2013թ. պետական բյուջեի հիմքում ընկած հիմանական տնտեսական չափորոշիչները» բաժնի մեջ նշված է, որ ՀՀ կառավարությունը 2013-ին համար սպասում է 4.1% ՀՆԱ աճ, իսկ 2014-ի համար աճը կանխատեսվում է 5.2%: Նույն փաստաթղթում արտացոլված են նաեւ հետեւյալ սպասումները.Ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2013-ին սպասվում է 22.5%, 2014-ին` 21.8%, իսկ 2012-ին փաստացի գրանցվել է 23.8%: Պետական բյուջեի պակասորդ/ՀՆԱ հարաբերակցությունը` 2013-ին սպասվում է -1.8%, 2014-ին` -2.3: 2012-ին այն կազմել է -1,5: Միջին եւ 12-ամյա գնաճի դեպքում կառավարության սպասումները հետեւյալն են.Գնաճի միջինը 2013-ին սպասվում է 6%, 2014-ին` կանխատեսվում է 5.5%, իսկ 2012-ին այս ցուցանիշում փաստացի գրանցվել է 2.6%: 12-ամյա գնաճի համար կառավարության սպասումը 7.4% է, 2014-ի կանխատեսումը` 4.5%: Ի դեպ, 2012-ին այն կազմել էր 3.2%:Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 1580