Երեւան: Մեդիամաքս: Իրանը տարբեր երկրների գազ է մատակարարում տարբեր գներով, բայց գազի գնի հարցում բարեկամ երկրների համար հնարավոր են զեղչեր, այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, դեսպանը չի ցանկացել հրապարակել, թե ինչ գնով է Իրանը գազ մատակարում այլ երկրներին: Պատասխանալով այն հարցին, թե արդյոք Իրանը Հայաստանին շատ ավելի թանկ գին է առաջարկում, քան Ռուսաստանը, դեսպանը հայտարարել է, որ դա այս պահին պարզ չէ. “Պետք է նախ հստակեցնել թե ռուսական, թե իրանական գազի գնի արժեքը: Պետք է բանակցել, եւ գործարքը կնքելու պահին պարզ կլինի”:Նրա խոսքով, այս պահին կողմերի միջեւ գումարի դիմաց գազ մատակարարելու մասին խոսակցություն չկա: Դեսպանն անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ կնքված “գազ էլեկտրաէներգիայի դիմաց” համաձայնագրին, նշելով, որ իրենք հավատարիմ են տարիներ առաջ ձեռք բերված համաձայնությանը, ու թեեւ գների մեջ տարիների ընթացքում փոփոխություններ են տեղի ունեցել, Իրանը շարունակում է հավատարիմ մնալ նախկին գներին՝ չնայած այն հանգամանքին, որ էլեկտրաէներգիայի կարիք չունի եւ ինքն էլ է էլեկտրաէներգիա արտադրում: Անդրադառնալով վերջին տարում իրանցի զբոսաշրջիկների թվի նվազմանը՝ դեսպանը դա բացատրել է Իրանի նկատմամբ միջազգային հանրության կողմից կիրառվող պատժամիջոցներով: “Այդ պատժամիջոցներն ազդում են հասարակության վրա: Երբ պատժամիջոցները լրիվ վերացվեն, քաղաքացիների համար բանկային փոխանցումները կհեշտանան: 3 տարի առաջ, երբ պատժամիջոցներն այսքան խիստ չէին, միայն Նովրուզի օրերին Հայաստան էր ժամանում ավելի քան 100 հազար մարդ, ինչը մեծ տնտեսական օգուտ էր տալիս Հայաստանին”,- հավելել է Ռեյիսին: Tweet Դիտում՝ 5736