Diners Club քարտերն արդեն հասանելի են Հայաստանում
05.12.2013 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Այսօրվանից Արարատբանկը մեկնարկում է Diners Club նոր վճարային քարտերի թողարկումը, որոնք քարտապաններին կընձեռեն բազմաթիվ արտոնություններ եւ զեղչեր թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս:
Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը Diners Club քարտերի թողարկումն անվանել է Հայաստանի վճարահաշվարկային նոր էջի մեկնարկ: Նրա խոսքերով, քարտերն ուղղված են լինելու Premium դասի հաճախորդներին, ովքեր շատ են ճամփորդում: Առաջարկվող քարտերը մի քանի տեսակի են` Diners Club Premium, Super Premium, Diners Club Light Card, Young Professional: Առաջիկա տարում նախատեսվում է թողարկել 5000 քարտ:
Diners Club International ընկերության նախագահ Էդուարդո Տոբոնը կարեւորել է Diners Club քարտերի թողարկումը Հայաստանում. “Ի դեմս Արարատբանկի, Հայաստանում ունենք ուժեղ գործընկեր, եւ միասին կարող ենք այստեղ հսկայական ծրագրեր իրագործել”:
Տոբոնը հույս է հայտնել, որ կկարողանան իրենց ակումբի անդամներին առաջարկել շահավետ պայմաններ աշխարհի եւ Հայաստանի հիմնական զբոսաշրջային վայրերում:
Բոլոր տեղական ու միջազգային Diners Club քարտերը Հայաստանում կսպասարկվեն Արարատբանկի բանկոմատներում եւ առեւտրի ու սպասարկման ավելի քան 1000 կետերում:
Դեռեւս 2012 թվականին Արարատբանկի եւ Diners Club International-ի միջեւ ստորագրված պայմանագրով Արարատբանկը հանդիսանում է Diners Club բրենդի ներկայացուցիչը Հայաստանում:
Ի դեպ, Diners Club քարտերը աշխարհում առաջին բազմաֆունկցիոնալ վճարային քարտերն են: Ակումբի քարտապանները օգտվում են տարբեր արտոնություններից, ներառյալ՝ մասնակցություն տարբեր տեսակի բոնուսային ծրագրերի, կոնսիերժ-ծառայություն, աշխարհի 450 օդանավակայանների սրահներ մուտք գործելու եւ սպասարկվելու հնարավորություն, բջջային հավելվածներ եւ բացառիկ այլ հնարավորություններ:
«Diners Club»-ն ամբողջ աշխարհում ունի առեւտրի ու սպասարկման ավելի քան 20 մլն կետեր, ինչպես նաեւ 1 միլիոնից ավելի կանխիկացման կետեր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: