Այսօր տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի՝ ժամանակակից լուծումներով, հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված Երեւանի «Թիվ 2» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Երեւանի «Թիվ 2» մասնաճյուղը գտնվում է Կոմիտասի պողոտա 41/74 հասցեում: Մասնաճյուղի բացմանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, Կենտրոնական Բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը: Յուրի Գուսեւն ասել է, որ Բանկն ավարտում է մասնաճյուղային ցանցի վերաբացման ծրագիրը. երկու տարվա ընթացքում վերանորոգվել եւ բարեկարգվել են Բանկի գրեթե բոլոր մասնաճյուղերը: Նա շեշտել է, որ իրենք տարբերություն չեն դնում մայրաքաղաքի եւ ռեգիոնալ մասնաճյուղերի միջեւ, եւ գլխավորը հաճախորդների բարձր չափանիշներով համապատասխան սպասարկումն է: Երեւանի «Թիվ 2»-ը թվով 57-րդն է վերանորագված մասնաճյուղերից: Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին՝ Յուրի Գուսեւն ասել է, որ մինչեւ տարեվերջ Բանկի ծրագրերում է նոր մեծ կորպորատիվ մասնաճյուղի բացումը Երեւանում, ինչպես նաեւ բիզնեսի համար նոր մասնաճյուղի բացման հնարավորության դիտարկումը: Մինչեւ տարեվերջ կամփոփվեն նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Visa ընկերության կողմից անցկացվող «Օլիմպիական արշավ Սոչի 2014» համատեղ մարքեթինգային ակցիայի արդյունքները: Օլեգ Աղասյանը, իր հերթին, ասել է, որ ՎՏԲ-Հայաստան բանկն այսօր խոշորագույններից է հանրապետությունում իր ակտիվներով եւ պարտավորություններով: Նրա խոսքով, ՎՏԲ-Հայաստան Բանկի ակտիվների 70%-ը ՀՀ տնտեսությանը տրամադրվող վարկերն են, իսկ պարտավորությունների 60%-ը` ավանդները: Tweet Դիտում՝ 5328