Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով

12.11.2013 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ  Կենտրոնական բանկի խորհրդի այսօրվա նիստում որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.0%:  

Նիստի ընթացքում նշվել է, որ հոկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.2% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել եւ հոկտեմբերի վերջին կազմել է 7.1%: Նշվել է նաեւ, որ գնաճի նվազող վարքագիծը հիմնականում պայմանավորվել է ԿԲ կողմից դրամավարկային պայմանների խստացմամբ եւ նախանշվածից ցածր տնտեսական աճի տեմպերով: ԿԲ խորհրդի կարծիքով, 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվելու է նաեւ առաջիկա ամիսներին՝ վկայելով գնաճի սպասումների հիմնականում խարսխված լինելու մասին:

Նիստի ընթացքում խորհուրդն արձանագրել է, որ «արտաքին հատվածը գտնվել է կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները եւ ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում ձեւավորվել է ոչ գնաճային միջավայր: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն ակնկալվում»:

ԿԲ խորհրդի գնահատականով, ՀՀ տնտեսության զարգացումներն անցած 9 ամիսների ընթացքում բնութագրվել են շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազման ներքո տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ եւ էներգակիրների սակագների բարձրացման հետեւանքով ձեւավորված բարձր գնաճային միջավայրով: Տարվա սկզբից ՀՀ կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը եւս նպաստել է ցածր ներքին պահանջարկի ձեւավորմանը, սակայն արդեն չորրորդ եռամսյակից իրականացվում է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն, որը, համաձայն «ՀՀ 2014 թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթների, շարունակվելու է հաջորդ ողջ տարվա ընթացքում:

Խորհուրդը գտել է, որ դրամավարկային պայմանների ներկայիս թուլացումը համարժեք է տնտեսական ակտիվության դանդաղմանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաեւ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքով:
Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսական սպասվող զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ կանխատեսման համեմատ ավելի արագ նվազելով, 2014 թ-ի կեսերին կվերադառնա նպատակային մակարդակին եւ կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Դիտում՝ 2431
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW