Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են կատարել առցանց գործառնություններ «Ինտերնետ-բանկինգ» համակարգի միջոցով բանկի գործառնական ժամերի ընթացքում (ամեն աշխատանքային օր, ժամը 09:30-17:30), իսկ այլ ժամերին արված գործարքները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը` ժամը 09:30-ից: Ընդ որում, մինչեւ 5 մլն դրամի (կամ համարժեք արտարժույթի) գործառնությունները կատարվում են վայրկենական, առանց բանկի հաստատման: Ինչպես հայտնել են բանկում, «հաշվի առնելով քարտային հաշվին մուտքերի ու ելքերի առցանց պրոցեսավորման հարմարավետ ու ճկուն հնարավորությունները սեփական պրոցեսինգային կենտրոնի առկայության պայմաններում` քարտային հաշիվների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի գործառնական ժամերի ընթացքում արված գործառնություններն անհապաղ երեւում են քարտի վրա»: ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Ինտերնետ-բանկինգ» համակարգը այս տարվա փետրվարի սկզբին: Համակարգի շնորհիվ հաճախորդները կարող են հետեւել իրենց հաշիվներին եւ դրանց ցանկացած շարժին, ակնթարթորեն փոխանակել արտարժույթ, կատարել ինտերնետի, բջջային կապի, կոմունալ ծառայությունների վճարումներ, ներդնել եւ համալրել ավանդ, մարել վարկեր, ձեւակերպել ոչ միայն քարտային եւ ավանդային, այլ նաեւ վարկային հայտեր առանց բանկ այցելելու:Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ եւ ձեւակերպել համապատասխան դիմում, որից հետո հաճախորդին տրամադրվում է տոկեն (հաճախորդի ցանկության դեպքում), մուտքանուն եւ ծածկագիր «Ինտերնետ-բանկինգ» համակարգ մուտք գործելու համար: Ծառայությանը միանալու մեկանգամյա միջնորդավճարը կազմում է 5000 դրամ, իսկ տոկենն արժե 10 000 դրամ: Համակարգում կատարված գործառնությունների հավաստագրումը կատարվում է տոկենի կամ sms-հաղորդագրության միջոցով ստացվող մեկանգամյա ծածկագրերի հիման վրա:«ՎՏԲ-Հայաստան բանկի «Ինտերնետ-բանկինգ» համակարգն այսօր թույլ է տալիս կատարել գործառնություններ առանց ավելորդ ժամանակ վատնելու: Եվ քանի որ հաճախորդների համար առավել կարեւոր է կատարվող գործարքների օպերատիվությունը, մենք կատարելագործել ենք համակարգը` համալրելով այն առցանց գործառնությունների ակնթարթային կատարման հնարավորությամբ առանց բանկի կողմից լրացուցիչ հաստատման եւ գործառնական ժամերով սահմանափակման»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3597