ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանն այսօր ներկայացրել է Համաշխարհային բանկի հրապարակած Doing Business 2014 զեկույցում Հայաստանի` որոշ ոլորտներում արձանագրած հետընթացի պատճառները: Ըստ զեկույցի, Հայաստանը ենթավարկանիշներից 6-ով հետընթաց է գրանցել: Կարինե Մինասյանի խոսքերով, հետընթացի արձանագրման հիմնական պատճառներից մեկն այն է, որ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից ընդունված որոշումներն ու որդեգրվող բարեփոխումները «լիարժեք չեն իրականացվում» եւ այս խնդիրը լրացուցիչ հետազոտության կարիք ունի: «Բացի այդ, ամեն տարի նոր երկրներ են ընդգրկվում զեկույցում, ինչն անմիջական ազդեցություն է թողնում մեր ցուցանիշի վրա»,- ասել է փոխնախարարը: Կարինե Մինասյանն ասել է նաեւ, որ անհրաժեշտ են «առավել խորքային բարեփոխումներ» գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է Հայաստանը ցանկանում անդամակցել Մաքսային միությանը, երբ այդ միության անդամ երկրները նշանակալիորեն զիջում են Հայաստանին բիզնես վարելու դյուրինության տեսանկյունից (Doing Business 2014 զեկույցում Ռուսաստանը 92-րդն է, Բելառուսը`63-ը, Ղազախստանը`50-ը)`փոխնախարարն ասել է, որ Հայաստանն այս ոլորտում մեծ ասելիք ունի ՄՄ երկրներին: «Սա (խմբ. Հայաստանի`ավելի լավ դիրք զբաղեցնելը) լրացուցիչ փաստարկ է, որպեսզի մենք արագ միանանք Մաքսային միությանը: Մեր փորձը շատ կարեւոր կլինի միության անդամ երկրների համար, եւ նրանք պատրաստ են մեզ լսել»,- ասել է Կարինե Մինասյանը: Tweet Դիտում՝ 3284