ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ 2014թ. պետական բյուջեի առանձնահատկությունն այն է, որ ֆինանսական միջոցների եւ լրացուցիչ եկամուտների վերաբախշումը տեղի է ունենալու ի օգուտ սոցիալական ոլորտի:Ներկայացնելով երկրի գլխավոր տնտեսական փաստաթուղթը Ազգային ժողովում՝ նա ասել է, որ սոցիալական ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 10,7 %-ից դառնալու է 12%: «Սա բավականին լուրջ փոփոխություն է, մասնավորապես, տեսակարար կշռի ծախսերը ՀՆԱ-ի մեջ կրթությունում 2,38%-ից հասցնելու ենք 2,59%-ի, առողջապահությունում` 1,59-ից 1,71-ի, սոցիալական պաշտպանության ոլորտում` 6,73-ից 7,63-ի»,- նշել է վարչապետը:Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացումը սկսվելու է հունվարի 1-ից: «Ուժային կառույցների աշխատավարձերը շուրջ 10%-ով բարձրանալու են հունվարի 1-ից, իսկ քաղծառայողների աշխատավարձերը` հուլիսի 1-ից: Մենք ավելացնելու ենք 3 եւ 4 երեխա ունեցողների միանվագ նպաստները. այսօր այն կազմում է 430 հազար դրամ, այս ցուցանիշը դառնալու է 1 մլն եւ 1մլն 500 հազար: Մասնավորապես, կանխիկ վճարումը հունվարի 1-ից 430-ից դառնալու է 500 հազար դրամ: Ձեւավորվել է նաեւ մայրական կապիտալ: Այս գումարները կարող են ուղղվել բնակարան ձեռք բերելու վարկերի մարմանը, տոկոսադրույքների մարմանը, հիպոթեքային ծրագրերից օգտվելուն, ինչպես նաեւ այս միջոցներից հնարավորություն են ունենալու ձեռք բերել առողջապահական ապահովագրական պոլիսներ, ինչպես նաեւ ֆինանսավորել ցանկացած կրթական ծրագիր, որը վերաբերում է իրենց ընտանիքին»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 1721