Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Համաշխարհային Քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը (DIS) դարձել է UWC-ի լիիրավ անդամ եւ կկոչվի UWC Dilijan:Աշակերտների ընդունելությունը կմեկնարկի նոյեմբերի 1-ից` 140 երկրներում գործող UWC Ազգային կոմիտեների միջոցով:«Դիլիջանի միջազգային դպրոցն ուրախ է տեղեկացնել UWC-ին իր անդամակցության մասին: Այն երեխաները, ովքեր ցանկանում են 2014 թվականի սեպտեմբերից դառնալ մեր աշակերտները, կարող են դիմել UWC-ի Ազգային կոմիտեներ, որոնց տվյալները հասանելի են www.uwc.org կայքում: UWC Dilijan-ը մտադիր է 2014 թ-ի սեպտեմբերին ընդունել ավելի քան 90 աշակերտների 45 երկրներից», - ասել է DIS-ի ղեկավար Ջոն Պադեֆութը: Ջոն Պադեֆութը եղել է Մեծ Բրիտանիայի Իթոն քոլեջի փոխտնօրենը եւ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում հիմնադրել է Ագա Խանի Ակադեմիան:«Մենք ոգեւորված ենք Միացյալ Համաշխարհային Քոլեջների ցանցին Դիլիջանի միջազգային դպրոցի միանալու փաստով», - ասել է UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրեն Քեյթ Քլարքը: «Տեղակայումը Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում եւ հարուստ պատմությունը Հայաստանը կատարյալ վայր են դարձնում UWC դպրոցի համար: Իսկ այն դերը, որը դպրոցը կխաղա Դիլիջանի զարգացման հարցում, նրան հատուկ տեղ եւ նշանակություն է տալիս UWC ընտանիքում», - ընդգծել է Քեյթ Քլարքը: «Ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է բացառապես մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ անկախ նրանից, թե ի՞նչ ծագում ունեն: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ»,- ասել է Դիլիջանի միջազգային դպրոցի գործընկեր-հիմնադիր եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:Եվրոպական միության կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն վերջերս հաջողություն էր մաղթել Դիլիջանի միջազգային դպրոցին` նշելով, որ « United World Colleges-ի առաքելություններից է աջակցել միջազգային եւ միջմշակութային փոխըմբռնմանը, ինչը հանդիսանում է ԵՄ կրթական քաղաքականության հիմքը»: Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որի շնորհիվ Հայաստանը ներկայացված կլինի համաշխարհային կրթական քարտեզի վրա: Դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից: 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը կսովորեն նվիրատուների կողմից հատկացված կրթաթոշակներով: Tweet Դիտում՝ 8405